26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գերեզմանների դարպասներից դուրս ենք գալիս, ամեն ինչ մոռանում ենք, ոչինչ չենք հիշում

Ես ավելի քան 42 տարվա քահանա եմ։ Ամեն առիթներ ունեցել եմ և տխուր և ուրախ, պսակ, նշանդրեք, մկրտություն կամ թաղում, յոթնորեք, տարի։ Աղոթքներ հիվանդների, կարիք ունեցողների, մոլորյալների, ճանապարհից շեղվածների, տնօրհնեքներ և աշխատանքի տեղի օրհություններ։ Մի խոսքով ամեն ինչ։ Ուրախացրել եմ և ուրախացել, տխրել եմ ու ցավել ամեն մահացողի համար և մխիթարել հարազատներին։

Սակայն ամենաշատ մտածմունքը ունեցել եմ, երբ այցելել եմ գերեզմաններ։ Երբ մենակ եմ մնացել գերեզմանի վրա, միշտ մտածել եմ․ «Արդյոք արժի՞ ապրել», երբ ծնվում ենք առանց իմանալու, մինչև այս աշխարհից հեռանալը հազար ու մի նեղություններ, տանջանքներ, հիվանդություններ ենք ունենում, մի երկրից մի ուրիշը փոխադրվելու ժամանակ ինչերի ասես, որ չենք հանդիպում։ Ի՞նչ ասեմ դուք ինձանից լավ գիտեք, քանի որ ամեն մեկս էլ ապրել ենք այդ վիճակը։

«Ի՞նչ կարիք կա ապրելու և այդպիսի վիճակներից անցնելու»։ Այս հարցն ենք տալիս մենք մեզ ու գլուխներս շարժում։ Շատ անգամ պատասխան չունենք։

Ամուսնանում ենք, զավակներ ունենում, ուրախություն ենք ապրում նրանց աշխարհ գալով, մեծացնում ենք փորձելով ցույց տալ նրանց ճիշտ ճանապարհը․ շատ անգամներ ցավ ենք ապրում նրանց ոչ ճիշտ վիճակից։ Այսքանից հետո «Արդյոք արժի՞ ապրել»։ Գերեզմաններում մեր հարազատների շիրիմների մոտ, բոլորս էլ գլուխներս խոնարհած այս մասին ենք մտածում։ Ես էլ ձեզ պես։

Բայց երբ գերեզմանների դարպասներից դուրս ենք գալիս, ամեն ինչ մոռանում ենք, ոչինչ չենք հիշում, ես էլ ձեզ պես։

Իմ պարագային, մի քիչ տարբեր է։ Հանկարծ հիվանդանոցից զանգ եմ ստանում, հիվանդ կա, պետք է գնամ աղոթելու, գնում եմ ու փորձում եմ հիվանդի մեջ վերակենդանացնել իր ունեցած հավատքը կյանքի նկատմամբ և զգում եմ, որ հաջողվել եմ ու հիվանդը ինձ ասում է․ «Շնորհակալ եմ Տեր Հայր»։ Ես հասկանում եմ, որ «Արժի ապրել»։

Գնում եմ ծերանոց աղոթելու մեր մայրիկների ու հայրիկների հետ։ Մինչ այդ մտնում եմ մի ծեր կնոջ սենյակը, որը չի կարող գալ ընդհանուր սրահը։ «Մայրիկ,- ասում եմ, ուզո՞ւմ ես, որ միասին աղոթենք»։ Միասին աղոթում ենք «Հայր մեր, որ յերկինս ես․․․», ապա «Պահպանիչ» աղոթքով խնդրում եմ Աստծուն նրան առողջություն պարգևելու։ Վերջում մայրիկը ինձ ասում է․ «Տղաս, մեկդ հազար թող լինի», հիմա ինքն է օրհնում ինձ ու ես հասկանում եմ, որ «Արժի ապրել»։

Գնում եմ ընդհանուր սրահը ու բոլորի հետ միասին աղոթում ենք՝ «Հայր Մեր․․․, Առաւօտ Լուսոյ, Սուրբ Աստուած․ Տէր ողորմեա ․․․․ փոքրիկ պատգամ եկող Կիրակի օրվա Ավետարանից վերցված, ապա կրկին «Հայր մեր․․» այս անգամ ձայնով։ Բոլորը լուռ միասին ինձ հետ աղոթում են: Հոգեկան հանգստություն են ստանում և միաբերան բոլորն ինձ ասում են․ «Շնորհակալ ենք Տեր Հայր, ապրես»։ Հասկանում եմ, որ «Արժի ապրել մեր հայրերի ու մայրերի համար, որոնք ծնունդ են տվել մեզ»։

Եվ այսպես, եթե ամեն մեկս մի բարի գործ կատարենք ու մեզ օրհնեն, իրապես այն ժամանակ կմտածենք, որ իզուր չենք ապրում, թեկուզ և ժամանակը պիտի գա մեր գնալու, բայց եկեք չմտածենք այդ մասին, ուղղակի ապրենք ու օգնենք մարդկանց ինչով որ կարող ենք, դրա դիմաց Տերը մեզ կհատուցի մեր չսպասված տեղում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ