27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մեզ բոլորիս կին ու մայր է աշխարհ բերել. Առավոտ

 

Երբ ինչ-որ մի տեքստ եմ գրում [թեկուզ նույնիսկ FB-ում], եւ մտքիս գալիս է ինչ-որ թունդ բառ, որով պիտի բնութագրեմ այս կամ այն անձնավորությւսնը, ես մի պահ կանգ եմ առնում եւ այդ բառը փոխարինում եմ դրա ավելի թույլ հոմանիշով: Դրանից հետո, երբ ես կրկին վերընթերցում եմ այդ տեքստը՝ թողարկելուց կամ ուղարկելուց առաջ, ես կրկին անդրադառնում եմ նման բառերին եւ հնարավորության դեպքում դարձյալ մեղմացնում եմ դրանք: Որովհետեւ իմ նպատակը որեւէ մեկին “կպցնելը”, “քսելը”, “բարոյապես ոչնչացնելը” չէ, դա ինձ հաճույք  չի պատճառում, դրանով ես չեմ ինքնահաստատվում: Ոչ էլ ցանկանում եմ ինչ-որ մի “դրոշ պարզել”  կամ ստիպել մարդկանց կիսել իմ տեսակետները: Ես ուզում եմ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում մեր շուրջը, ինչ են մտածում մեզ շրջապատող մարդիկ, եւ առաջարկել բոլորին` ինձ հետ միասին խորհել այդ ամենի մասին:

Իհարկե, ես ինքս շատ հեռու եմ իմ երազած հավասարակշռությունից ու երբեմն զայրանում եմ, երբ ոչ ադեկվատ մարդիկ փորձում են իմ վզին փաթաթել իրենց ճշմարտու-թյունը, բայց այդ “փրփրելու” պահը շատ կարճ է տեւում, եւ շատ արագ գալիս է գիտակցությունը, որ չի կարելի “ինքնաթունավորվել” բացասական էմոցիաներով, չի կարելի բացարձակացնել սեփական նեղվածությունը: Իհարկե, զուսպ եւ բարեկիրթ լինելը քաղաքական կատեգորիա չէ, եւ շատ հնարավոր է, որ քաղաքական պայքարը ենթադրում է իրար “բարոյապես ոչնչացնելը”: Բայց ո՞վ ասաց, որ բոլորը պետք է մասնակցեն այդ պայքարին եւ իրենց լուման ներդնեն՝ իրար “անարգանքի սյունին գամելու” ազգափրկիչ գործին:

Հարց է առաջանում` ի՞նչ կապ ունի այս ամենը մարտի 8-ի հետ: Ամենաանմիջական: Այն բառերը, որոնք մեր մտքին են գալիս ինչ-որ մեկին “կպցնելու” համար, պետք է երկու անգամ “մեղմանան”  ցանկացած դեպքում: Բայց դրանք պետք է չորս անգամ մեղմանան, երբ խոսքը կանանց մասին է: Մոտ 20 տարի ես հանդես եմ գալիս նման կոչով, եւ 20 տարի քաղաքականացված մարդիկ, հատկապես, որքան էլ տարօրինակ լինի, կանայք, ի պատասխան այդ կոչի` պնդում են, որ այն կանայք, որոնց իրենք հայհոյում են եւ անձնապես վիրավորում են, իրավունք չունեն կին կոչվելու: Այսինքն` կանայք [կամ տղամարդիկ] իրենց վրա վերցնում են դատավորի դերը եւ կարծում են, որ կարող են որոշել, թե ով կարող է կին կոչվել, իսկ ով` ոչ:Երբեմն նաեւ բերվում է “սեռերի իրավահավասարության” մասին թեզը` իբր, եթե կարելի է հայհոյել տղամարդկանց, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի անել կանանց հանդեպ: Բայց այդ թեզը կեղծ է, այն չի դիմանում ոչ մի քննադատության: Դա ճիշտ կլիներ, եթե մենք` տղամարդիկ, կանանց հետ հավասար հիմունքներով շարունակեինք մարդկային ցեղը, եթե մենք ցավեր կրեինք եւ տանջվեինք դրա համար: Բայց, համաձայնեք, մեր “տանջանք” այս հարցերում շատ ավելի թեթեւ է: Մի խոսքով` ես շարունակում եմ մնալ իմ կարծիքին: Եթե ավելի պարզ ձեւակերպենք, կանանց չի կարելի վիրավորել, որովհետեւ մեզ բոլորիս Կին եւ Մայր է լույս աշխարհ բերել:

Արամ Աբրահամյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ