Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի արտգործնախարարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տարածաշրջանային այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսի գլխավորած պատվիրակությանը:
Հայ-լիտվական երկկողմ կապերից բացի, ՀՀ նախագահը և Լիտվայի արտաքին գործերի նախարարը քննարկել են ԵՄ խորհրդում Լիտվայի առաջիկա նախագահության շրջանում Հայաստան-ԵՄ փոխգործակցության զարգացմանը, եվրաինտեգրման լիտվական փորձի փոխանակմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանն այդ համատեքստում հյուրի հետ խոսել է որակապես նոր հարթության վրա գտնվող ՀՀ-ԵՄ հարաբերությունների և ԵՄ-ի հետ համագործակցության օրակարգի շրջանակներում բանակցությունների ընթացքի, արձանագրված հաջողությունների ու իրականացվող աշխատանքների մասին: Երկուստեք կարևորվել է ԵՄ արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցության զարգացումը:
ՀՀ նախագահը և Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը կարևորել են հայ-լիտվական միջպետական հարաբերությունների ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում՝ պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի և նաև միջազգային կառույցների շրջանակում երկու երկրների միջև համագործակցության զարգացումը:
Սերժ Սարգսյանը և Լինաս Լինկյավիչյուսը հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին:
Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի գրասենյակից: