Սերժ Սարգսյանն ընդունել է Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթին:
Նախագահը ողջունել է բարձրաստիճան հյուրին, երկկողմ հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարեւորել բարձր մակարդակի փոխայցելությունները եւ ընդգծել, որ Հայաստանը շահագրգռված է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ համագործակցության կայուն եւ շարունակական զարգացմամբ: Սերժ Սարգսյանը հայ-գերմանական հարաբերությունների առավել խորացման ու ամրապնդման գործում մեծապես կարեւորել է միջխորհրդարանական համագործակցության դերը:
Գերմանիայի Բունդեսթագի նախագահը հանդիպման սկզբում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին եւ հաջողություն մաղթել պաշտոնավարման երկրորդ շրջանում: Հայաստանի հետ հարաբերությունները, Նորբերթ Լամմերթիի համոզմամբ, ավանդաբար լավ եւ բարեկամական են, ինչը, նրա կարծիքով, ամուր հիմք եւ լավ նախադրյալ է խորհրդարանական մակարդակով համագործակցությունն ավելի խորացնելու համար: Գերմանիայի Բունդեսթագի նախագահն այցի շրջանակներում ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանդիպումներն ու բանակցությունները երկխոսությունը զարգացնելու տեսանկյունից արդյունավետ եւ քաջալերող է համարել: