27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Ժողովուրդ”-ը կուսակցական տոմս չի. Առավոտ

Երբ միեւնույն տեքստում` գրավոր թե բանավոր, չափից դուրս հաճախ է կրկնվում “Ժողովուրդ” բառը, դա, ինձ թվում է` լավ նշան չէ: Սկսած “էս ժողովրդի վիճակը” դարձվածքով էմոցիոնալ բացականչությունից, վերջացրած “ամբողջ ժողովուրդը այս հրապարակում է”, “ժողովուրդը դատապարտում է”, “ժողովուրդը ողջունում է”, “ժողովուրդն այլեւս չի խաբվի” եւ այլն: Եթե խոսքն ամբողջ հայ ժողովրդի, հայկական էթնոսի մասին է, այն 10 միլիոն մարդկանց մասին, որոնք այսպես թե այնպես իրենց նույնականացնում են այդ էթնոսի հետ, ապա նրանցից մոտ 2/3-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն:

Մի մասն էլ քաղաքացիներ են, բայց իրենց բախտը փորձում են մեր երկրից դուրս` հայրենիքի նկատմամբ սիրո կամ դառնության զգացմունքների այս կամ այն փոխհարաբերությամբ:

Թե ինչ է այն 10 միլիոն մարդը մտածում Հայաստանի այս կամ քաղաքական գործչի կամ ուժի մասին` անհնարին է ասել: Բնական է ենթադրել, որ մեծ մասը ոչ մի բան չի մտածում, անգամ նրանց անունները չգիտի: Ավելին մենք այս 20 տարում վատ ենք աշխատել այդ 2/3-ի հետ ու չենք էլ հասկանում, թե ինչ են այդ մարդիկ իրականում ուզում:
Ըստ երեւույթին, խոսքը ՀՀ քաղաքացիների կամ ընտրողների մասին է: Ի դեպ, մենք ունենք մի քանի տասնյակ հազար քաղաքացիներ, որոնք, ապրելով արտերկրում, զրկված են ընտրելու իրավունքից, եւ այդ ակնհայտ խտրականությունը մեր օրենսդրության ճչացող թերություններից մեկն է: Սակայն Հայաստանում ապրող քաղաքացիների, ընտրողների նկատմամբ էլ վերաբերմունքը պետք է լինի հարգալից ու անհատական:

Երբ մարդիկ, էմոցիոնալ բարձր աստիճանի տակ, հայտարարում են, որ “ամբողջ հայ ժողովուրդը ընտրել է Րաֆֆիին”, դա, ինձ թվում է, ոչ կոռեկտ ընդհանրացում է, որովհետեւ մեկը ես, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, ընտրել եմ Բագրատյանին: Արդյոք ես դրանով զրկվո՞ւմ եմ ժողովրդի մասնիկ լինելուց:
Բազմիցս կրկնվող “ժողովրդի պայքար” արտահայտությունը նույնպես հարաբերական կատեգորիա է: Վերջերս կարդացի, որ եթե ընդունելի է համարվում պայքարի միայն մեկ ձեւ, ապա նման պայքարը դատապարտված է: Միանգամայն սթափ դատողություն է: Խոսքը, բնականաբար, նաեւ ընտրակեղծիքների դեմ պայքարի մասին է:

“Ժողովուրդ” բառը կուսակցական տոմս չի, վկայական չի, որը դրված է առանձին անհատների գրպանում, եւ այդ անհատներն իրենց իրավունք են վերապահում մտածելու, թե իրենք “ժողովրդի կողքին են”, “ժողովրդի հետ են”, իսկ նրանք, ովքեր այդ վկայականը չունեն, ժողովրդի կողքին չեն:

Շանտաժի այդ ձեւը ավելի հաճախ էր կիրառվում 2008-ի շարժման կողմից: Հիմա, բարեբախտաբար, դրա շատ թեթեւ “ռեցիդիվներն” են: Օրինակ` դասադո՞ւլ եք անում` շատ լավ է: Այդ ընթացքում քայլում եք փողոցներով, կոչ եք անում միանա՞լ ձեզ /այսինքն` դարձյալ, հավանաբար, “ժողովրդին/` հրաշալի է: Կանգնել բուհերի դռների մոտ, պախարակել նրանց, ովքեր դասադուլ չեն ուզում անել` դա արդեն չեղավ: Ինչպես կասեր Րաֆֆի Հովհաննիսյանը, նրանց կարծիքը նույնքան պաշտպանված է, որքան ձերը: Ընդդիմության այսօրվա առաջնորդի անվիճելի առավելությունը հենց այն է, որ նա անկեղծորեն այդպես է մտածում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ