27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կարծում եք` ստորացումը հե՞շտ է տանել. Առավոտ

 

 

 

Իշխանությունն ու ընդդիմությունը` իրենց համախոհներով հանդերձ, ընտրությունների արդյունքները մեկնաբանում են` ելնելով իրենց քարոզչական նպատակներից:

Ընդդիմությունը կենտրոնանում է բազմաթիվ եւ բազմապիսի այլանդակությունների վրա, որոնք, անշուշտ, տեղի են ունեցել այս ընտրությունների ժամանակ` չնայած նույն ընդդիմությունը բավարար ջանքեր չի գործադրել այդ անօրինություններին իրավաբանական ձեւակերպումներ տալու համար: Իսկ իշխանությունն էլ ասում է` դե, սոցիալական խնդիրները շատ են, դժգոհները` նույնպես, հենց այդպես էլ պետք է լիներ:

Ընդ որում, երկու կողմերն էլ երբեմն “մարտի են նետում” իրենց անփորձ ներկայացուցիչներին, ինչի արդյունքում տեղի են ունենում որոշ թյուրիմացություններ: Բայց ներկա իրավիճակի լուրջ, խորքային վերլուծություն, այնուամենայնիվ, չկա, քանի որ այն, ինչ մեզանում կոչվում է “քաղաքագիտություն” կամ “սոցիոլոգիա”, իրականում “կցված է” այս կամ այն քաղաքական ուժին: Ի դեպ, ինչպես եւ լրագրության մեծ մասը:

Ինչ-որ տեղ, այնուամենայնիվ, երեւի կան մասնագետներ, որոնք ոչ մեկին, կներեք արտահայտությանս, “բալետ չեն անում”: Նրանց բանական, էմոցիաներից [սիրուց եւ ատելությունից ] զուրկ բացատրությունները ինձ, օրինակ, հետաքրքիր կլիներ լսել: Եվ ամենակարեւոր հարցը, որն ինձ հետաքրքրում է` արդյոք խնդիրը միայն սոցիալակա՞ն է` սոցիալական նեղ իմաստով, մարդկանց եկամուտների, կենսամակարդակի հետ կապված:

Վերցնենք, օրինակ, Քաջարան քաղաքը: Գործազրկության մակարդակն այնտեղ բարձր չէ` մարդիկ աշխատում են կոմբինատում, ստանում են աշխատավարձ, որի մասին Երեւանում էլ շատերը կերազեին: Ինչի՞ց են, ուրեմն, մարդիկ դժգոհ: Ահա այստեղ է պետք հասարակագիտական սթափ վերլուծություն եւ ոչ թե անեծքների կամ գովասանքների տարափ:

Ես կարող եմ դատել միայն “աչքաչափով”` առանց գիտական ընդհանրացումների: Իմ տպավորությամբ` մարդիկ այլեւս չեն հանդուրժում եւ այսուհետ ավելի քիչ են հանդուրժելու, երբ ոտնահարվում է իրենց արժանապատվությունը:

Երբ, ենթադրենք, նույն Սյունիքի մարզպետը տարիներ, կարելի է ասել` տասնամյակներ շարունակ իրեն ամբարտավան է պահում, իրեն թույլ է տալիս մարդկանց վախեցնել, ստորացնել, արհամարհել, քաղաքացիների մեջ զայրույթ է կուտակվում, որն իր լավագույն, զուսպ, քաղաքակիրթ արտահայտությունն է ստանում քվեատուփերի մոտ:

Երբ նման պաշտոնյաներին տասնամյակներ շարունակ աշխատանքից չեն հանում, այդ զայրույթը, բնականաբար, տարածվում է նաեւ նրանց վրա, ովքեր տվյալ անձնավորությանը պահում են իր պաշտոնում: Կոնկրետ մի դեպք մեր պրակտիկայից:

Բագրատյանի հանրահավաքին մասնակցած մի սիսիանցի “Առավոտի” խցիկի առաջ “իր սրտի խոսքն” ասաց նույն մարզպետի հասցեին: Հաջորդ օրն այդ քաղաքացուն ստիպել են “պաշտոնական ալիքով” ներողություն խնդրել “լեզվի սայթաքման” համար ու հայտարարել, թե լրագրողն իրեն խմեցրել է:

Դուք կարծում եք` այդ մարդու, նրա ընտանիքի, նրա ընկերների համար նման ստորացումը հե՞շտ է տանել:

Խնդիրը, հետեւաբար, միայն սոցիալական չէ: Հուսով եմ` իմ այս համեստ դիտարկումը մասնագետները կհաստատեն, իսկ իշխանավորները հաշվի կառնեն:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ