16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Պարահայում եւ Բրյուսելում տեղի ունեցան երթեր ի հիշատակ Սումգաիթի ջարդերի զոհերի հիշատակի /վիդեո/

2013թ. մարտի 2-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայում երկու հարյուրից ավելի չեխահայեր եւ չեխ համակիրներ հանրահավաք-երթով հարգեցին Սումգաիթյան ցեղասպանության զոհերի հիշատակը: Երթը, որին մասնակցություն բերեցին հայ համայնքի կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ եւ Պրահայի հայ համայնքի շաբաթօրյա դպրոցի սաները, մեկնարկեց մարդաշատ Հանրապետության հրապարակում: Այնուհետեւ ցուցարարները, ծածանելով Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Չեխիայի պետական դրոշները, կրելով սումգաիթյան ոճրագործությունը, Հայոց ցեղասպանությունը եւ Ադրբեջանի հակահայ ռազմաշունչ քաղաքականությունը դատապարտող բազմաթիվ պաստառներ եւ Սումգաիթի ջարդերի զոհերի լուսանկարներ, շարժվեցին դեպի կենտրոնական՝ Հին քաղաքի հրապարակ, ուր իրենց բողոքն արտահայտեցին Ադրբեջանի բռնատիրական, ագրեսիվ եւ հայատյաց քաղաքականության դեմ:

Շաբաթօրյա դպրոցի աշակերտներն անցորդներին ու հետաքրքրվողներին բաժանեցին սումգայիթյան ջարդերին նվիրված հազարից ավելի տեղեկատվական թռուցիկներ: Ցույցն արժանացել էր Պրահայի հարյուրավոր բնակիչների եւ հյուրերի աշխույժ հետաքրքրությանն ու համակրանքին:

Երթը եզրափակվեց Սուրբ Եղիայի եկեղեցում, ուր ելույթ ունեցավ Չեխիայում եւ Սլովակիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Նա, դիմելով ցույցին մասնակցած չեխահայ բազմությանը, մասնավորապես նշեց. “Սա ոչ միայն սգո եւ ոգեկոչման երթ էր, այլ Չեխիայի հայ համայնքի միասնական ուժի դրսեւորման երթ, դուք կարողացաք հնչեցնել մեր հիմնավորված, արդար պահանջները, արտահայտել անարդարության դեմ հայ ժողովրդի բողոքը: Մեր միասնությունը հզոր պատասխան է Ադրբեջանին եւ իր կաշառված “բարեկամներին”: Հայաստանը եւ հայ ժողովուրդը պատերազմ չեն ուզում, Հայաստանի կառավարությունը ջանք չի խնայում հակամարտությունը միջազգային իրավունքի նորմերի համապատասխան խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորելու հարցում: Բայց մենք պարտավոր ենք պատրաստ լինել անհրաժեշտության դեպքում պաշտպանելու մեր Հայրենիքը, պարտավոր ենք հասնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը` ամրագրելով սեփական ճակատագիրը տնօրինելու, ապահով, երջանիկ ու արարիչ կյանքով ապրելու արցախցիներիարդար իրավունքը՚”:

Այնուհետեւ Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը մատուցեց Արցախի, Սումգաիթի, Բաքվի, Գանձակի եւ Շահումյանի անմեղ հայ զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ, որին հաջորդած ելույթում կոչ արեց Չեխիայի հայերին էլ ավելի համախմբել ազգային գաղափարախոսության, հայոց պետականության եւ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ:

Հանրահավաք-երթը լուսաբանվել է չեխական ČT-24 հեռուստատեսության, “Ազատություն” ռադիոկայանի հայկական ծառայության եւ “Օրեր՚” եվրոպական անկախ պարբերականի կողմից:

Մարտի 3-ին, Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդ Զատիկ վարդապետ Ավետիքյանը մատուցեց պատարագ` նվիրված Սումգաիթյան նահատակների 25-րդ տարելիցին: Պատարագին ներկա էին Բելգիայում Եվրամիությունում եւ ՆԱՏՕ-ում հավատարմագրված հայ դիվիանագիտական կորպուսի անդամներ, համայնքային կառույցների ղեկավարներ և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ավելի վաղ` փետրվարի 27-ին, Բելգիայի Հայ դատի հանձնախումբն ու “Հայասա” հայ ուսանողների միությունն` ի հիշատակ սումգաիթյան ոճրագործության զոհերի, կազմակերպել էր բողոքի ցույց Բելգիայի Թագավորությունում Ադրբեջանի դեսպանատան առջև: Ակցիային հաջորդել էր ներկաների երթը դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում
տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը: Հուշակոթողի մոտ
Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը,
համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին, զետեղել էին ծաղկեպսակներ: Այնուհետեւ
մատուցվել էր ոգեկոչման արարողություն, որին հաջորդել էր Բելգիայում ՀՀ դեսպանի ելույթը:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ