Ուղեղը սնուցող 5 մթերք
Այդ մթերքներից է յուղոտ ձուկը, որը շատ օգտակար և սննդարար է: Մարդու օրգանիզմը հեշտությամբ է ընդունում և մարսում այդ կերակրատեսակը։ Ձկան սպիտակուցը ոչնչով չի զիջում և պակաս արժեքավոր չէ, քան մսինը: Պետք է հիշել, որ 200 գ ձկան միսը բավարար է չափահաս մարդու օրգանիզմի ամենօրյա կենդանական սպիտակուցի պահանջարկը բավարարելու համար։ Յուղոտ ձուկը օգտակար է նաև ստամոքսի, մարսողական, աղեստամոքսային համակարգերի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Խորհուրդ է տրվում նաև վիրահատված անձանց:
Կանաչ բանջարեղենը նույնպես սնուցում են ուղեղը` ակտիվացնելով այն: Կանաչ բանջարեղենը առողջ սննդակարգի կարևոր բաղադրամասն է: Հայաստանում հիմնականում օգտագործում են կաղամբ, ծաղկակաղամբ, վարունգ, թարխուն, հազարաթերթ, սամիթ, համեմ, մաղադանոս, կանաչ սոխ, նեխուր, կոտեմ, սպանախ, սիբեխ, եղինջ և այլն: Դրանք օգտագործվում են թարմ, պահածոյացված, սառեցրած և ջերմային մշակում անցած վիճակում: Թվարկած կանաչ բանջարեղենները պարունակում են մեծ թվով օգտակար վիտամիններ:
Ձուն պարունակում է օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեցող B12 վիտամին, ինչպես նաև՝ բոլոր ամինաթթուները, որոնք անհրաժեշտ են մեր օրգանիզմում սպիտակուցի ձևավորման համար: Բացի դրանից, ձվի սպիտակուցը պաշտպանական հատկություններ ունի, քանի որ այն պարունակում է լիզոցիմ նյութ, որը ոչնչացնում է միկրոօրգանիզմները, այդ թվում և նեխում առաջացնող:
Կանաչ թեյը նույնպես շատ օգտակար է: Մարդու ուղեղի մոտ 80 տոկոսը կազմված է ջրից, իսկ կանաչ թեյն օգնում է պահպանել հավասարակշռությունը: Լինելով առույգացնող խոտաբույս՝ ապահովում է նաև էներգիայի անհարժեշտ քանակը:
Շոկոլադը նույնպես ուղեղի վրա ունենում է լավ ազդեցություն: Քեմբրիջի համալսարանի գիտնականների հետազոտությունների արդյունքների համաձայն` շոկոլադը 37 տոկոսով նվազեցնում է սրտի և 23 տոկոսով ուղեղի կաթվածի հնարավորությունը: