16-ամյա տղան հորեղբոր հետ «փախցրել» է իր համադասարանցի աղջկան.Ժամանակ
Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է անչափահաս աղջկա առևանգման գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Գործը քննվել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ:
Ըստ դատական ակտի՝ մարզի անչափահաս բնակիչ Ռոբերտ Բ.-ն սիրահարվել ու ցանկացել է անպայման ամուսնանալ իր համադասարանցի Կարինե Մ.-ի (անունը փոխված է) հետ՝ իմանալով, որ աղջիկը նույնպես անչափահաս է:
1998 թվականի ապրիլին ծնված, դեպքի պահին դեռ 16 տարեկան երիտասարդը իր ցանկության ու սիրած 16-ամյա աղջկան առևանգելու մտադրության մասին հայտնել է իր հորեղբայր Ռոստամին: Նա աղջկան երբևէ չէր ասել, որ սիրում է կամ նրա հետ ամուսնանալու մտադրություն ունի:
Ռոբերտի հորեղբայրը, իմանալով, որ աղջկա ընտանիքը այլ հավատքի է դավանում ու օրինական կարգով աղջկան չեն ամուսնացնի Ռոբերտի հետ, համաձայնել է օգնել եղբոր անչափահաս որդուն՝ անչափահաս աղջկան առևանգելու հարցում:
4 անչափահաս երեխաների հայր Ռոստամը համաձայնության է եկել իր հորեղբորորդի Ազիզի, ազգականներ Ռոմիկի ու Ահմադի հետ, որ համատեղ ուժերով Կարինեին առևանգեն:
2015 թվականի հունվարի 25-ին, ժամը 20-ի սահմաններում Ռոստամն իր «Տոյոտա» մեքենան կանգնեցրել է ճանապարհին, Ռոբերտը մնացել է մեքենայի մեջ, իսկ Ռոստամը, Ազիզը, Ռոմիկն ու Ահմադը գնացել են դեպի աղջկա հայրական տուն:
Նախապես իմացել են, որ աղջկա հայրը տանը չէ: Նրան հարցնելու պատրվակով Ռոստամը, Ահմադն ու Ռոմիկը տուն են մտել, իսկ Ազիզը սպասել է դրսում:
Օգտվելով այն հանգամանքից, որ աղջիկը գտնվել է առանձին սենյակում, իսկ տան մյուս անդամները եղել են խոհանոցում, Ռոստամը դրսից ծածկել է խոհանոցի դուռը, ձեռքով պահել է դռան բռնակը, Ռոմիկն ու Ահմադը բռնություն գործադրելով աղջկա նկատմամբ՝ նրան դուրս են բերել տանից, իսկ Ազիզը բռնել է աղջկա անչափահաս եղբորը: Վերջինս բռնել էր Ռոմիկի ոտքից ու փորձում էր թույլ չտալ, որ քրոջն առևանգեն…
Ռոստամը տնից դուրս է եկել, բռնակից քաշելով՝ դրսից փակել է տան դուռը:
Ռոմիկն ու Ահմադը Կարինեին նրա կամքին հակառակ, բռնությամբ հասցրել են ճանապարհին կանգնած մեքենային, բռնությամբ նստեցրել են Ռոստամի մեքենան, իրենք մնացել են դրսում:
Մեքենայի մեջ գտնվող Ռոբերտը, ըստ դատական ակտի, բռնել է Կարինեի ձեռքերը, իսկ Ռոստամը, նստել է մեքենայի ղեկին: Աղջկան գյուղից առևանգել, տարել ու պահել են Հրազդանում՝ իրենց բարեկամի տանը՝ բարեկամի ընտանիքից թաքցնելով աղջկան առևանգած լինելու հանգամանքը: Հաջորդ օրը, իմանալով, որ աղջկա ծնողները բողոքել են, աղջկան վերադարձրել են ծնողներին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։