Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է. Շարմազանով
Նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի բաց դեբատների ժամանակ, մասնավորապես հայտարարել է, որ “Հայաստանի մղած պատերազմն Ադրբեջանի դեմ եւ ադրբեջանական տարածքների օկուպացիան բացասաբար է անդրադարձել քաղաքացիական բնակչության վրա”:
Արձագանքելով ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է.
“Ադրբեջանի ղեկավարությունը ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել նացիստական Գերմանիային բնորոշ սուտ ու կեղծիք տարածելու քարոզչությունից: Պարոն Մամեդյարովը երեւի հավատացել է գեբելսյան սկզբունքին` եթե ուզում ես, որ քո ստին հավատան, ավելի ահավոր սուտ հորինիր:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից “ագրեսիայի” դրսեւորմանը եւ ադրբեջանական տարածքների “օկուպացիային”, պետք է նշեմ, որ ողջ աշխարհին է հայտնի՝ Հայաստանը երբեք էլ պատերազմ չի սանձազերծել Ադրբեջանի դեմ: Իսկ Պարոն Մամեդյարովի հայտարարությունն ընդամենը խորամանկ փորձ է ԼՂ հակամարտությունը ներկայացնելու որպես տարածքային վեճ: Ճշմարտությունը հետեւյալն է՝ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման օրինական պահանջի` ադրբեջանական իշխանությունները սանձազերծեցին ագրեսիվ պատերազմ եւ գնդակոծեցին խաղաղ բնակչությանը: Ավելին՝ Ադրբեջանն է դեռեւս օկուպացրած պահում ԼՂՀ որոշ շրջաններ”:
Անդրադառնալով Մամեդյարովի ելույթի այն հատվածին, համաձայն որի՝ 21 տարի առաջ Խոջալուում իրականացվել են ադրբեջանցի խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանություններ՝ Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ ադրբեջանցի պաշտոնյային չէր խանգարի ծանոթանալ իր իսկ երկրի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ չեխ լրագրող Դանա Մազալովային տված հայտնի հարցազրույցին, որտեղ Մութալիբովը մեղադրում է ադրբեջանական ընդդիմությանը իշխանությունը զավթելու նպատակով սեփական ժողովրդի նկատմամբ սպանդ իրականացնելու գործում (“Նեզավիսիմայա Գազետա”, 2.04.92)։