Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել. Շարմազանով
”Մեծահոգություն քարոզող, բարու եւ չարի պայքարի փիլիսոփայական մոտիվացիայով ներշնչված նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մոտ վերջին օրերին չհիմնավորված ագրեսիա եմ նկատում, որը կարծում եմ հարիր չէ նախագահի պաշտոնին հավակնող գործչին:
Եթե պարոն Հովհաննիսյանին փիար նպատակներով են խորհուրդ տվել, որ մի քիչ ավելի մարտական, ջղային դեմք ընդունի ընտրությունների վերջնակետում, ապա հաստատ իրեն խաբել են:
Նա մշտապես ժպտացող գործչի կերպարում շատ ավելի ընկալելի է: Այդ իմաստով, եթե Րաֆֆի Հովհաննիսյանը պատրանքների մեջ է ընկել, նրա թիմակիցները պետք է որ լավություն անեն իրենց առաջնորդին` խորհուրդ տան պատրանքների աշխարհից վերադառնալ իրականություն”,- մեկնաբանելով Ապարանի բժշկական կենտրոնում նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի գործողությունը, Henaran.am-ին ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ երեկ քարոզարշավի ընթացքում Ապարանի բժշկական կենտրոնում տեսնելով նախագահի ՀՀԿ թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկարով պաստառը, Րաֆֆի Հովհաննիսյանը պոկել էր այն:
”Ընդունելով, որ որեւէ բուժհիմնարկում որեւէ մեկն իրավունք չունի նախընտրական պաստառ փակցնել, այնուամենայնիվ պետք է ասեմ, որ ՀՀ որեւէ քաղաքացի, այդ թվում եւ նախագահի թեկնածուն, իրավունք չունի համապատասխան մարմինների ֆունկցիաներն իր վրա վերցնել եւ դատավորի կամ ուսուցչի կեցվածք ընդունել”,-ընդգծել է Շարմազանովը:
”Եթե որեւէ մեկը տեսնում է, որ օրենքի խախտում կա, պետք է բարի լինի եւ դիմի համապատասխան մարմիններին, որոնք օրենքով սահմանված կարգով այդ թերությունը կվերացնեն եւ մեղավորներին կպատժեն”,-շարունակել է Շարմազանովը եւ հիշեցրել հին հռոմեական ասացվածքը. “Երբ գործում է բռնությունը, օրենքները լռում են”:
“Թույլ չենք տա, որ բռնությունը գործի,-նշել է ՀՀԿ խոսնակը` եզրափակելով,-օրենքին հղում անող Րաֆֆի Հովհաննիսյանը դժվար թե չիմանա, որ աշխատանքային ժամերին իր մուտքը քաղաքապետարաններ եւ գյուղապետարաններ եւս “քաղաքական տարր է”: