24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Վարդագույն ակնոցների հետեւից

Վերջին 7 տարիներին, երբ երկրի գործադիր իշխանությունը ղեկավարում էին Տիգրան Սարգսյանը` վարչապետ, եւ Դավիթ Սարգսյանը` (տարբեր պաշտոններում), Հայաստանում տարեցտարի նկատվեց աղքատության մակարդակի բարձրացում, եւ այսօր, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այն կազմում է 33  տոկոս:

Ամեն տարի, չգիտես` ինչու, աղքատության նվազեցման մասին հիշում են թիվ մեկ ֆինանսական փաստաթղթի քննարկման ժամանակ եւ հայտարարում. «Այս տարվա պետական բյուջեով կառավարությունն ակնկալում է աղքատության նվազեցում»:

Սակայն իշխանական բուրգը մոռացել էր մի կարեւոր ռազմավարական ծրագրի մասին. դեռեւս 12 տարի առաջ (2003 թվականին) ՀՀ կառավարությունը աղքատության հաղթահարումն ընդունեց որպես երկրի զարգացման ռազմավարական նպատակ եւ իշխանության տարբեր թեւերի, քաղաքացիական հասարակության ու դոնոր հանրության ավելի քան երկու տարվա արդյունավետ համագործակցության արդյունքում` 2003 թվականի օգոստոսի 8-ին հաստատեց N994-Ն որոշումը՝ ՀՀ Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը:

Ի դեպ, Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը  ներառում էր 2003-2015 թթ. ծրագրային ժամանակահատվածը, ինչն, ըստ էության, ՀՀ անկախության ձեոք բերումից հետո ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման առաջին երկարաժամկետ ռազմավարական ծրագիրն էր: Դրա հիմնական նպատակը նյութական աղքատության նշանակալի կրճատումն է. նախատեսվում էր աղքատության մակարդակը 2015 թ. հասցնել 19.7 տոկոսի:

Նյութական աղքատության կրճատման հետ մեկտեղ, աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը նպատակ էր հետապնդում կրճատել նաև Հայաստանում շատ բարձր մակարդակների հասած  եկամտային անհավասարությունը` 2001 թ. 53.5 տոկոսից մինչև 44.6 տոկոս՝ 2015 թ.:

Այնինչ`  վիճակագրական տվյալները փաստում են, որ 2015-ին  Հայաստանում աղքատների ընդհանուր թվաքանակը կազմել է շուրջ 900 հազար մարդ (մշտական բնակչության ցուցանիշի հաշվով), նրանցից շատ աղքատների թվաքանակը (ներառյալ` ծայրահեղ աղքատները)` մոտ 330 հազար, իսկ ծայրահեղ աղքատների թվաքանակը` մոտ 70 հազար մարդ:

Ինչ վերաբերում է, աղքատ երեխաների թվաքանակին, ապա փաստերը նշում են, որ երկրում ավելի քան 300- 350 հազար երեխա շարունակում է ապրել աղքատության մեջ, որից ավելի քան 30 հազարը` ծայրահեղ աղքատության:

Մայրաքաղաք Երևանում, ըստ տարածաշրջանների, աղքատության մակարդակն ամենացածրն է` (25.2%) եւ այն 1.4 անգամ ցածր է, քան Երեւանից դուրս` այլ քաղաքային բնակավայրերում: 2008թ.-ի համեմատ` 2014թ.-ին աղքատության աճը Երեւանում կազմել է 5.1 տոկոսային կետ, իսկ Երեւանից դուրս` այլ քաղաքային  բնակավայրերում, աղքատության մակարդակը մնալով ամենաբարձրը, այնուամենայնիվ, 0.7 տոկոսային կետով զիջել է 2008թ.-ի մակարդակին: Երբ բնակչության կենսամակարդակը դիտարկվում է ըստ քաղաք-գյուղ բաշխվածության, աղքատների մեծ մասը (63.6%) քաղաքաբնակներ են: 2014թ.-ին Երեւանում գրանցվել է շատ աղքատների մակարդակի ամենացածր, իսկ Երեւանից դուրս` այլ քաղաքներում, ամենաբարձր ցուցանիշը:

2014թ.-ին աղքատության մակարդակի տարբերությունն, ըստ մարզերի և Երեւանի, միջին հանրապետական մակարդակի համեմատ տատանվում է: Միջին հանրապետականից բարձր են ՀՀ Շիրակի, Կոտայքի, Լոռու, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ցուցանիշները: ՀՀ Շիրակի մարզը ցուցաբերել է ամենաբարձր աղքատության մակարդակ, որտեղ աղքատության գծից ցածր է բնակչության 44%-ը:  2014թ.-ին աղքատության մակարդակի ցուցանիշները գերազանցել են 2008թ.-ի մակարդակը, ինչպես երկրի մակարդակով, այնպես էլ բոլոր մարզերում եւ ք.Երեւանում, բացի Արագածոտնի, Արարատի, Կոտայքի եւ Վայոց ձորի մարզերից: Այդուհանդերձ, ավելի արագ տեմպերով այդ ցուցանիշի աճ գրանցվել է Տավուշում և ք.Երևանում ` 1.3 անգամ, Արմավիրում և Սյունիքում՝ 1.2 անգամ:

Այսպես 2015 թվականն ավարտվել է վերը նշված` «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը» չիրականացված, և մեր երկիրը տարածաշրջանում դեռ ամենաաղքատ երկրներից մեկն է:

Գ.Ն.

Безымянный

Axqatutyun

Axqatutyun 1

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ