Սեդրակյանը գիտի` ինչ են անելու իր հետ
Նախագահի թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանը համոզված է, որ Հայրիկյանի մահափորձի գործով իրեն կմեղադրեն ընտրություններից հետո` փետրվարի 22-23-ից հետո, երբ “իրենց ուզած թվերը կնկարվի, դիտորդներն էլ կգնան”: Թեկնածուն կանխորոշում է, որ ընտրություններից հետո, երբ քաղաքական գործընթացները կավարտվեն, “մեղադրանք կառաջադրվի եւ իրեն կձերբակալեն”:
Հիշեցնենք, շրջանառվում է թեկնածուի կապը Հայրիկյանի մահափորձի գործի նախաքննության շրջանակներում ձերբակալված անձանց հետ: Որ մահափորձի մեջ կասկածվողներից մեկը թեկնածուի հարեւանն է, որ նրանցից մեկը վերանորոգել է Սեդրակյանի տունը, այս մասին, ըստ ԶԼՄ-ների` ինքը` թեկնածուն է հայտարարել:
Թեկնածուն չի բացառում, որ շուտով իրեն սկսեն հարցնել, թե ինչ կապ ունի, ասենք` մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սեդրակյանը լրագրողներին հիշեցրեց, որ երբ նոր էր առաջադրվել շրջանառվեց իր առնչությունը հոկտեմբերի 27-ի ահաբեկչությանը:
Մամուլը գրեց, որ վերջինս հարցաքննվել է “հոկտեմբերի 27-ի” գործով: Սեդրակյանը պարզաբանեց, որ Վազգեն Սարգսյանին ճանաչել է 1985 թվականից, իսկ նրա եղբայր Արամ Սարգսյանն իր համակուրսեցին է:
Վարդան Սեդրակյանը պահանջում է իրավապահներից հայտարարել` արդյոք ինքը կապ ունի՞ Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի հետ, թե ոչ: Սեդրակյանի խոսքով` իր դեմ կոնկրետ ծրագիր է իրականացվում, որի հետևում կանգնած են պետական կամ ոչ պետական կառույցներ և ամեն ինչ արվել է, որպեսզի “ամեն ինչ վերջում իր դեմ շուռ գա”: