Րաֆֆի չեք ուզում, գրեք Պարույր, Սերժ, Հրանտ
Տավուշի մարզում քարոզարշավի շրջանակներում ՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այցելեց Բերդ քաղաք: Այստեղ նա ներողություն խնդրեց ուշանալու համար, ապա ողջունեց ներկաներին՝ ասելով. ՛՛Ես ուժեղ եմ ձեզանով՛՛: “Բերդը` Շամշադինը հավերժական է, քաղաքացին մշտապես պետք է զգա պետության շունչը: Մենք գլուխ ենք խոնարհում մեր զոհերի առջեւ, բայց այլեւս երբեք չպետք է մեր տղաներին ժամանակից շուտ հողին հանձնենք”,-ասաց նախագահի թեկնածուն սահմանամերձ Բերդում:
Վերջինս հորդորեց , անկախ նրանից, թե խորհրդարանական ընտրություններին ում են ընտրել, “փետրվարի 18-ին երկիրը միասին փրկել”: եկնածուի խոսքով` ընտրվելու դեպքում ինքը մեկ տարվա ընթացքում կվերացնի “”ատկատները եւ կոռուպցիան, կզարգացնի ոչ միայն Երեւանը, այլեւ մարզերը:
Սակայն ամենակարեւոր կոչը, որն իր ողջ քարոզարշավի ընթացքում անում է նախագահի թեկնածուն, այն է, որ ընտրողները գնան ընտրության: “Րաֆֆի չեք ուզում, գրեք Պարույր, Սերժ, Հրանտ”,-ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ նշեց, որ ինքը մշտապես է այցելելու այստեղ: “5 տարի, ոչ ավել, ես մի քիչ տարբերվող ակցենտով գալու եմ ձեզ մոտ եւ ասեմ իմ սխալների մասին”,-ասաց նա:
Նշենք, որ հանդիպմանը ներկա էին նաեւ ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ դիտորդները, ում եւս ողջունեց “Ժառանգության” ղեկավարը, իսկ ելույթի ընթացքում նա ընդգծեց, որ դիտորդները պետք է լավ կատարեն իրենց գործը, իսկ ինքը նրանց ասել է, որ Հայաստանը “2-րդ սորտի երկիր չէ”:
Հավելենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանին Բերդի քանդակագործ վարպետներից մեկը նվիրեց հայատառ այբուբենի քանդակ: “Ես պիտի սա գնեի, բայց այն ինձ նվիրեցին: Ես իմ պարտքը կմարեմ իմ ծառայությամբ”,-ժպտալով նշեց թեկնածուն: Հանդիպումն ավարտվեց փոքրիկ աղջնակների հետ օրհներգը կատարելով: Այնուհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը շրջեց Բերդ քաղաքում: