Կա՞ ընդդիմություն եւ ով է ընդդիմությունը
Նախ պետք է տարբերենք` կա՞ ընդդիմություն եւ ով է ընդդիմությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն` անդրադառնալով մեկ միասնական թեկնածուով հանդես գալու նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի առաջարկին` հայտարարեց նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով` բացարձակապես տրամաբանություն չկա միասնական թեկնածուի եւ Հայրիկյանի կողմից ՍԴ դիմելու միջեւ:
Հրանտ Բագրատյանը շեշտեց, որ իր, Պարույր Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպման ժամանակ թեեւ միասնական թեկնածուի հարց չի քննարկվել, բայց նշվել է, որ այն կարող է քննարկվել միայն այն դեպքում, եթե թեկնածուները հստակ հայտարարություն անեն, որ պաշտոնի չեն գնում եւ չեն շնորհավորելու նոր նախագահին:
Հրանտ Բագրատյանի խոսքով` ցուցակների վերաբերյալ իրենց հայտարարությանը հետեւեց իշխանության արձագանքը, որ այստեղ խնդիր չի տեսնում, ուստի ազատ եւ արդար ընտրությունների մասին խոսք լինել չի կարող: Բայց թեկնածուներից ճիշտ հակառակ հայտարարությունն է եղել, որ կշնորհավորեն, եթե հաղթի: “Կա 3-ի կողմից ստորագրված թուղթ, եւ ես սպասում եմ հայտարարությունների”,-շեշտեց թեկնածուն:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ իրենից բացի այլ ընդդիմադիր թեկնածու չի տեսնում: Հրանտ Բագրատյանը նկատեց, որ Պարույր Հայրիկյանը հետաձգի, դիմի, թե չդիմի ՍԴ, ինքը պաշտոնական հայտարարություն է արել եւ աշխատում է ուղղակի, առանց “խաղեր տալու”:
Չանդրադառանալով նրան, որ Հայրիկյանի հայտարարությունները մի քանի անգամ փոխվեցին, Բագրատյանն ասաց, որ Հայրիկյանը հայտարարել է, որ միասնական թեկնածուով հանդես գալու դեպքում ընտրությունները կկայանան ճիշտ ժամանակին, իսկ թե ում է պետք, որ ընտրությունները կայանան ճիշտ ժամանակին, Հրանտ Բագրատյանն ասաց` Սերժ Սարգսյանին, քանի որ եթե միասնական թեկնածուի խնդիր է դրվում, ընտրությունները պետք է հետաձգվեն:
“Ես ուզում եմ, որ այս թեման այլեւս մնա Պարույրի մեջ: Նրա խնդիրն է` դիմի, չդիմի, չի կարելի դիմել եւ խնդիրը կապել միասնականի հետ: Սա, փաստորեն, պահանջ է` ուղղված իշխանությանը, որ գնա ստիպի, դառնանք միասնական թեկնածու, վերջում էլ քեզ շնորհավորենք”-հայտարարեց Բագրատյանը` հավելելով, որ այլ կերպ հնարավոր չէ այս ամենն ընկալել:
Բագրատյանը նկատեց նաեւ, որ Հայրիկյանի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ առաջին հանդիպմանը ինքը հայտարարել է, որ կմասնակցի այդ հանդիպումներին, եթե այդ մասին տեղեկատվությունը չհրապարակվի ԶԼՄ-ներում, բայց 2-ն էլ խախտել են դա:
“Էդպես չի կարելի, ինչ կարիք կար առաջ ընկնել, փորձել լավ կերպարի մեջ մտնել եւ ասել` տես ես միասնական թեկնածուի մասին եմ խոսում”,-նկատեց նա եւ շեշետեց, որ սա անընդունելի է: “Սա միասնական թեկնածուի անվան տակ եղած ընդդիմադիր դաշտը, այդ թվում ձեր խոնարհ ծառային զրոյացնելու փորձ անելն է: Ես այստեղ նաեւ տեսնում եմ իշխանության փորձը` որոշել ոչ միայն առաջին տեղը, այլեւ 2-րդ, 3-րը եւ որ էլ ընդդիմություն չմնա”:
Այն հարցին, թե Հայրիկյանը խաղերի մեջ է իշխանության հետ, Հրանտ Բագրատյանը պատասխանեց. “Ես Հայրիկյանին հազար տարի չեմ ճանաչել, ոչ էլ ընկերական հարաբերությունների մեջ եմ, ոչ էլ նա է ինձ ճանաչում”: Ինչ վերաբերվում է Րաֆֆի Հովհաննիսյանի` ընդդիմադիր չլինելուն, Հրանտ Բագրատյանը Henaran.am-ի խնդրանքով հստակեցրեց` եւս մեկ անգամ նշելով, որ սպասում է նրանց կողմից 2 հայտարարության` պաշտոն չենք ուզում, չենք շնորհավորում:
Բագրատյանը շեշտեց, որ եթե Հայրիկյանն իսկապես միասնական թեկնածու է ուզում, պետք է տղամարդկություն դրսեւորի եւ առաջինն ինքը հանի իր թեկնածությունը: Նա նկատեց, որ սա այն քննարկումն է եղել, որը մինչ այդ ինքը լրագրողներին չի հրապարակել:
Խոսելով իր վարկանիշից` Բագրատյանը նշեց, որ այն 30-40 տոկոսի է հասնում: