Ըստ Արամ Հարությունյանի, Բագրատյանն ու Հովհաննիսյանը հայտնվելու են Գեղամյանի ու Բաղդասարյանի կարգավիճակում
Մեկ օր ԿԸՀ-ի դիմաց հացադուլ հայտարարած եւ երեկ` փետրվարի 8-ին ինքնաբացարկ հայտարարած նախագահի արդեն նախկին թեկնածու , “Ազգային համաձայնություն” կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում հայտարարեց, որ նախագահի մյուս թեկնածուները, որոնք չմիացան իր ինքնաբացարկին, միացան գործող նախագահ Սերժ Սարգսյանին: Նրա համոզմամբ, քվեաթերթիկում հայտնվելով, վերջիններս փորձելու են պայքարի իմիտացիա ստեղծել:
‘’9 օր հետո երեւալու է, թե ով որտեղ է: Նրանք Սերժ Սարգսյանի հետ են:Մեկը կգնա մի բան կտան, մյուսը կհայտարարի, որ ընդդիմություն է եւ կքննադատի, բայց դա ոչինչ չի փոխի քաղաքական դաշտում: Նրանք կարճ ժամանակում կհայտնվեն Արթուր Բաղդասարյանի եւ Արտաշես Գեղամյանի կարգավիճակում’’,-հայտարարել է թեկնածուն` նկատի ունենալով Հրանտ Բագրատյանին եւ Րաֆֆի Հովհաննիսյանին:
Ինչ վերաբերվում է հացադուլավոր թեկնածու Անդրիաս Ղուկասյանին, ըստ Արամ Հարությունյանի, նրա համար լավագույն ‘’ֆինիշը’’ կլիներ այն, որ միանար իրեն, իսկ այսպես նրա անունը եւս կհայտնվի քվեաթերթիկում, եւ նա եւս կլեգիտիմացնի Սերժ Սարգսյանին` ապահովելով նաեւ բազմազանություն:
Վարդան Սեդրակյանի մասին Արամ Հարությունյանն առանձնապես ասելիք չուներ: Նրա խոսքով, էպոսագետը պարզապես կհայտարարի, որ Դավիթի պես Մսրա Մելիքի դեմ պայքարում հարվածը բաշխեց:
Մյուս թեկնածուի` ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանի կեցվածքն անհասկանալի է համարեց:
Արամ Հարությունյանը համոզմունք հայտնեց, որ ընտրություններից հետո ժողովուրդն արդեն վերապահումով է մոտենալու Սերժ Սարգսյանի հետ նույն քվեարթերթիկում հայտնվածների նկատմամբ: