“Может завтра, может послезавтра, а может” …
Սահմանադրական դատարանը երեկ օրվա ավարտին հայտարարել է, որ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դիմումը կարող է ընդունել նաև շաբաթ և կիրակի օրերին,- նշեց ՀՀ նախագահի թեկնածու Պ. Հայրիկյանի նախընտրական շտաբի համակարգող Մանյա Այվազյանը՝ ավելացնելով. “Մենք որոշել ենք վաղը դիմել”:
Սակայն տիկին Այվազյանը հաջորդիվ հակասեց իրեն՝ ասելով, որ մինչ օրվա վերջ պարզ կլինի եթե որոշակի հարցեր չառաջանան և Պ. Հայրիկյանի առողջական վիճակը դեպի լավը գնա հնարավոր է որոշումը փոխվի:
Այն հարցին, թե արդյո՞ք ՍԴ դիմելու որոշումն այս պահին պայմանավորված է Րաֆֆի Հովհաննիսյանի և Հրանտ Բագրատյանի դիրքորոշմամբ և Պ.Հայրիկյանն իրականում սպասում է, թե մյուս թեկնածուները կընդունեն միասնաբար հանդես գալու իր առաջարկը՝ Հայրիկյանի շտաբի համակարգողը դժվարացավ պատասխանել՝ ավելացնելով, թե հիմնականում ՍԴ դիմելու պատճառը նախագահի թեկնածուի առողջական խնդրով է պայմանավորված:
Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանն այսօր առաջարկել է ՀՀ նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին հանդես գալ միասնաբար՝ նշելով. “Ճշգրիտ հարցումներով 5 օր առաջ Ս.Ս.-ն ուներ 43-45%, իսկ Պ.Հ.-ն, Հ.Բ.-ն և Ր.Հ.-ն՝ 5-35%: Եռյակի միասնաբար հանդես գալու դեպքում Ս.Ս.-ն ունենում էր 30%, իսկ եռյակը՝ 67-69% (սա քվեարկողների՝ ընտրության մասնակցողների թվում)”:
Նկատի ունենալով, որ թեկնածուների ինքնաբացարկի ժամկետը լրացել է փետրվարի 8-ին՝ ժամը 18-ին՝ Պ. Հայրիկյանը միաժամանակ ֆեյսբուքի իր էջում գրել է.
“Իրականում, եթե ես ընտրությունները հետաձգեմ 14 օրով, ապա մենք կարող ենք մեկ միասնական թեկնածուն առաջարկել, ի մի բերել բոլորիս ծրագրերը և 10 օր էլ միասին ներկայանալ ժողովրդին։ Եվ այդ դեպքում մեր միասնական տոկոսը ոչ թէ 70%, այլ՝ 80% էլ կդառնա”։
Ինչ վերաբերում է Հայրիկյանի առողջական վիճակին, ապա Մանյա Այվազյանը նշեց, որ «ցավեր շատ ունի և աջ ձեռքի հետ կապված խնդիրներ կան, ձեռքը համարյա չի աշխատում, սակայն բժիշկների հավաստմամբ՝ 5-6 ամսվա ընթացքում կապաքինվի”:
Իսկ թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից նախագահի թեկնածուն, դեռ հայտնի չէ: Հաղորդում է “Փաստինֆո”-ն: