ՀԱԿ կուսակցության հիմնադիր փաստաթուղթն ստորագրված է
‘’Երեկ քսանութ անհատների կողմից հայտարարություն ծանուցում է մուտքագրվել ՀՀ ԱՆ ՀԱԿ կուսակցություն ստեղծելու մասին’’,-քիչ առաջ այս մասին ասուլիսում հայտարարեց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա մարտի 22-ին, ժամը 11-ին կառավարության նիստերի դահլիճում:
Լեւոն Զուրաբյանը հայտարարեց ,որ ինքը նշանակվել է ՀԱԿ կուսակցության լիազոր ներկայացուցիչ եւ ընթերցեց այն անձանց անունները, որոնք ստորագրել են ՀԱԿ կուսակցություն ստեղծելու փաստաթղթի տակ:
‘Այսպես, ստորագրել են է Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀՀ առաջին նախագահ, Լեւոն Զուրաբյանը, Զոյա Թադեւոսյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Վահան Վարդապետյանը, Դավիթ Մաթեւոսյանը, Ավետիս Ավագյանը, Վահագն Խաչատրյանը, Աշոտ Սարգսյանը, Արման Մուսինյանը, Վարդան Մալխասյանը, Վլադիմիր Կարապետյանը, Ավետ Պողոսյանը, Արշակ Բանուչյանը, Անահիտ Եղոյանը, Արմեն Օհանյանը, Արման Գրիգորյանը, Մարինե Դավոյանը եւ ՀԱԿ երիտասարդներ Թաթուլ Սարոյանը, Հովհաննես Քիրամիջյանը, Կարեն Թովմասյանը, Արշակ Մուսախանյանը, Սամվել Թեյմուրազյանը, Արեգ Գեւորգյանը, Եվա Ադամյանը, Ելենա Նալբանդյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Սամվել Աբրահամյանը:
Այս ցանկում բացի ՀԱԿ եւ ՀՀՇ անդամներից, ‘’Ժողովրդի իշխանություն’’ շարժումն է, “Հայրենիք ու Պատիվ” կուսակցությունը, ‘’Այլընտրանք’’-ը : Փաստորեն, ՀԱԿ մաս կազմող առանցքային կուսակցությունների եւ ոչ մի ներկայացուցիչ, բացի ՀՀՇ-ից, չի ստորագրել հիմանդիր փաստաթղթի տակ:
‘’Սա անհատների նախաձեռնություն է, բնականաբար նաեւ հրավիրում ենք ՀԱԿ մասնակից քաղաքական ուժերին եւս միանալ: Նախնական խոսակցություններ եղել են ՀԱԿ մաս կազմող քաղաքական ուժերի հետ, արձագանքը կունենանք: Սա ՀԱԿ-ի ներսում անկուսակցական անհատների եւ քաղաքական ուժերի միջեւ ավելի սերտ կոնսոլիդացիայի փորձ է, որը ոչնչով ուղղված չէ խարխլելու ՀԱԿ դաշինքի գործունեությունը: Սա մեր իրավունքն է ազատ միավորվելու քաղաքական կազմակերպության մեջ , որը մենք իրագործում ենք’’,-հայտարարեց Լեւոն Զուրաբյանը:
Նրա խոսքով` Կոնգրես դաշինքին ոչինչ չի պատահելու, որը կամավոր դաշինք է եւ կպահպանվի, եթե մարդիկ ցանկանան այն պահպանել: Ըստ Զուրաբյանի, կարող են գտնվել առանձին ուժեր, որոնք կարող են դա չանել, ինչպես անցյալում եղավ, երբ որոշ գործիչներ դուրս եկան ՀԱԿ-ից:
Նրա խոսքով, նոր կուսակցությունը լինելու է ՀՀ ամենադեմոկրատական քաղաքական ուժը եւ լծվելու է տիրող ռեժիմի կազմաքանդմանը: Զուրաբյանը նշեց, որ ինչպես Տեր-Պետրոսյանն էր իր հարցազրույցում ասել, ՀԱԿ կուսակցությունը հիմնված է լինելու սոցիալ-լիբերալիզմի գաղափարախոսության վրա: