ՀՀՇ-ի վարչապետն է եղել, իմը չի եղել, իրենց ընկերն է եղել, ինչպե՞ս կարելի էր …
՛՛Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ՛՛ կուսակցության ղեկավար Սոս Գիմիշյանի համար զարմանալի է, թե ինչու ՀԱԿ-ը չսատարեց իրենց մասը կազմող ՛՛Ազատություն՛՛ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանին նախագահական ընտրություններում:
՛՛Պիտի ուրախ լինեին, մեր գործընկերն է: Իհարկե, միշտ չէ, որ համընկել են իմ ու Բագրատյանի կարծիքները, նա ՀՀՇ-ի վարչապետն է եղել, իմը չի եղել, իրենց ընկերն է եղել, հաջողված գործեր կային, ինչպե՞ս կարելի էր չօժանդակել՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գիմիշյանը:
Թեեւ ՀԱԿ առաջնորդի վերջին հայտարարությունից հետո` ՀԱԿ-ի փոխարեն կուսակցություն ստեղծելու մասին, Գիմիշյանը հասկացել է, որ Բագրատյանի առաջադրումը լրջորեն հակասության մեջ մտավ Տեր-Պետրոսյանի ու նրա գաղափարակիցների շահերի հետ: Գիմիշյանի խոսքով՝ եթե առաջին նախագահը չէր առաջադրվելու, ապա պետք է ՀԱԿ-ը մեկին գտներ ու նրան առաջադրեր:
Հարցին, թե ինչպես է գնահատում Բագրատյանի հնարավորությունները, պատասխանեց. ՛՛Հասկանալի է, որ ընթացքից առաջադրվելը շատ է դժվարացնում, բայց ինքը լուրջ մասնագետ ու լուրջ քաղաքական ճանապարհ անցած մարդ է: Եթե հարցում անենք, կտեսնենք՝ ժողովուրդը նրա ծրագրին է վստահում՛՛: Գիմիշյանը կարծում է, որ Բագրատյանը, նախագահ ընտրվելու դեպքում, մեծ հաճույքով կիրականացնի իր բոլոր ծրագրերը:
Մեկնաբանելով ՀՀՇ նախկին անդամ Արարատ Զուրաբյանի այն հայտարարությունը, որ Հայ ազգային կոնգրեսը կուսակցության վերածելուց անմիջապես հետո ինքը հիմնադրելու է նոր Հայոց Համազգային շարժում կուսակցություն, որը կառաջնորդվի 88-ի շարժման արժեքներով և գաղափարախոսությամբ, որի բարձրակետն է Հայաստանի անկախությունը՝ Սոս Գիմիշյանն ասաց. ՛՛Զուրաբյանի գործն է, եթե ուզում է նոր ՀՀՇ ստեղծի: Նոր ՀՀՇ-ն ոչ մի բան չի տա”: