Հետաքրքիր է լինելու ընտրություններից հետո. քաղաքագետ
Ընտրությունների հետ կապված հետաքրքիր ժամանակահատված էր սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածը`մինչ Գագիկ Ծառուկյանի հայտարարութունը չառաջադրվելու վերաբերյալ: Այն որ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն թեկնածություններ չառաջադրեցին, դա ևս հետաքրքիր էր:
Ամեն դեպքում ընտրություններով ոչինչ չի ավարտվում. հետաքրքիր կլինի ՀԱԿ-ի ճակատագիրը, կարևոր պաշտոնների հետ կապված հնարավոր փոփոխությունները, Րաֆֆի Հովհաննիսյանի հետագա դերակատարումը:
Այսօր “Հենարան” ակումբում կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա համոզմամբ, ընտրությունների արդյունքները կանխորոշվեցին նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ չի մասնակցելու ընտրություններին:
“Եթե այժմ չստեղծվի ֆորս մաժորային իրավիճակ, Սերժ Սարգսյանը կհաղթի, և նույնիսկ Պարույր Հայրիկյանի նկատմամբ այդ ֆորս մաժորը շատ բան չփոխեց”,-ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանը չի կիսում այն կարծիքը, թե ընտրություները ոչ մրցակցային են: Սերժ Սարգսյանին առանձնացնելով` նա նշեց, որ մյուս թեկնածուների միջև կա մրցակցություն: Մասնավորապես հետաքրքիր պայքար կլինի Պարույր Հայրիկյանի և Հրանտ Բագրատյանի միջև` երրորդ տեղի հետ կապված:
Անդրադառնալով Պարույր Հայրիկյանի հետ կապված միջադեպին`բանախոսը նշեց, որ այն կրակոց չէր դեպի թեկնածուն,այլ կրակոց էր դեպի համակարգը, ընտրությունների ինստիտուտը, դեպի անկախության խորհրդանիշը:
“Պարույր Հայրիկյանին որպես թեկնածու չեն կրակել, քանի որ նա ֆավորիտ չէր և ոչ ոքի չէր խանգարում”,-ասաց նա:
Ռուսական ուժային կառույցների հնարավոր մասնակցությունը այդ կրակոցներին նա բացառեց: “Դա եղել է ոչ պրոֆեսիոնալ կրակոց: Այն դիմացից է կատարվել`30 սմ հեռավորությունից: Վիրավորելու նպատակով կրակողը դա կաներ հեռվից և կլիներ դիմակով: Մյուս կողմից էլ 7.62 մմ տրոմաչափի փամփուշտը պետք է որ ավելի լուրջ վնասվածք հասցներ, իսկ նագանը լուրջ զենք չի համարվում: Համենայնդեպս,եթե Մոսկվան, Վաշինգտոնը և Բաքուն ցանկանում էին վերացնել Պարույր Հայրիկյանին, նրանք ոչ պրոֆեսիոնալ քիլեր էին վարձել”,-ասաց նա:
Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցի և ՀԱԿ-ի վերափոխման վերաբերյալ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծիք հայտնեց, ըստ որ Լևոն Տեր-Պետրոսյանը չի հեռանա քաղաքականությունից, և ինչպիսի փոփոխությունների էլ ենթարկվի ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը կունենա ազդեցություն այդ կառույցի և նրա ղեկավարի նկատմամբ: