Спасение утопающих — дело рук самих утопающих. Շարմազանովը` ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու մասին
‘’Քաղաքական դաշտը ոչ թե արհեստական, այլ բնական զարգացումների կարիք ունի’’,-այսօր անդրադառնոլվ ՀԱԿ-ը կուսակցություն դարձնելու ՀԱԿ առաջնորդ, Լեւոն Տեր-Պետրոսյանի գաղափարին, ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
‘’ Ժամանակը ցույց կտա, թե ի՞նչ կտա քաղաքական դաշտին և ժողովրդավարությանը ՀԱԿ-ի՝ շարժումից կուսակցություն դառնալը: Ես կոռեկտ չեմ համարում ասել, որ դա ուշացած որոշում է, որ այն ոչինչ չի տա’’,-ասել է Էդուարդ Շարմազանովը` արձագանքելով հարցին, թե ինչ կտա ՀԱԿ կուսակցության ստեղծումը ՀՀ քաղաքական դաշտին:
Շարմազանովի խոսքով, փաստն այն է, որ այսօր ՀԱԿ-ը չունի այն ազդեցությունը, որն ունեցել է տարիներ շարունակ, և այդ մասին, ըստ նրա, խոսում է նաև առաջին նախագահը: ‘’Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ընդունում, որ ՀԱԿ-ն այսօր առաջադեմ ուժ չէ, նրանք փորձում են փրկել ՀԱԿ-ը՝ կուսակցություն դարձնելով: ՀԱԿ շարժում այլևս չկար, այն վերածվել է առաջին նախագահի և ՀԱԿ համակարգողի կողմնակիցների խմբակի, որն ուզում են դարձնել կուսակցություն’’,- հայտարարել է Շարմազանովը:
‘’Ես բոլոր քաղաքական գործիչներին և ուժերին հաջողություն եմ մաղթում քաղաքական պայքարում, խանդի մասին խոսք լինել չի կարող: Ես շահագրգռված եմ, որ քաղաքական պայքարը մղվի ոչ թե քաղաքական մերժողականության, այլ գաղափարների շրջանակներում’’,-շարունակել է ԱԺ փոխնախագահը` նկատելով, որ ՀԱԿ կուսակցության հիմնական ‘’բրենդը’’ պետք է լինի առաջին նախագահը: Այս առումով, ըստ Շարմազանովի, ՀԱԿ-ի` կուսակցություն դառնալը շատ բան չի տա:
Դիտարկմանը, թե կուսակցություն ստեղծելն արդյոք կփրկի ՀԱԿ-ի վարկանիշը, Շարմազանովը պատասխանել է.’’ Спасение утопающих — дело рук самихутопающих’’:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ ՀԱԿ առաջնորդի այն հայտարարությանը, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետի դեպքում երկրից հարյուր հազար մարդ է հեռանալու եւ Հայաստանը կանգնելու է դեմոգրաֆիական աղետի ու պետականության կորստի առջեւ:
‘’ Գոնե 2008-ից առայսօր, Տեր-Պետրոսյանը ինչ քաղաքական կանխատեսում արել է, չի իրականացել: Կարծում եմ, որ ֆիասկոյի կարժանանա նաև այս կանխատեսումը”: