«Ի՞նչ է՝ փո՞ղ ենք լվանում»
«Վարկեր վերցնելը Հայաստանի համար մոդայիկ է դարձել »,-այսօր Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրած քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր երկուսի վերաբերյալ» վարկային համաձայնագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Բիաշարյանը տարօրինակ է համարում շարունակ վարկ վերցնելու հանգամանքը:
«Մենք ոչ միայն ճանապարհաշինության համար, այլև՝ վերանորոգման համար ենք վարկեր բերում: Սա անհասկանալի է: Միլիոնավոր դոլարների վարկեր ենք բերում, բայց դրանից օգուտ չկա»,- ընդգծեց պատգամավորը:
Բիշարյանը հիշեցրեց, որ Վերահսկիչ պալատը «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու շինարարության ժամանակ պարզել էր, որ վերանորոգումը պատշաճ չի կատարվել:
«Գումարներ էինք վարկ վերցրել, բերել էինք, ծախսել, ճանապարհներ վերանորոգել: Բայց Վերահսկիչ պալատը պարզեց, որ պատշաճ չէր արվել, որակը զիջել էր: Սրանք մտահոգիչ խնդիրներ են»,- նշեց Հեղինե Բիշարյանը:
ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավարը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը դեմ է նմանատիպ գործելաոճին:
«Ի՞նչ է՝ փո՞ղ ենք լվանում, թե մի քանի հոգու երկու-երեք տարով աշխատանք ենք ապահովում»,- եզրափակեց ՕԵԿ խմբակցության ղեկավարը: