24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ցեղասպան Թալեաթի շոկային հարցազրույցը

Բրիտանացի դիվանագետ, ճանապարհորդ, հետախույզ և խորհրդարանի անդամ Օբրի Հերբերտը բացառիկ հարցազրույց է ունեցել Թալեաթ փաշայի հետ 1921 թ. փետրվարին՝ Սողոմոն Թեհլերյանի կողմից նրան Բեռլինում գնդակահարելուց ընդամենը մի քանի օր առաջ:

Թալեաթ փաշան, որպես Օսմանյան կայսրության ամենազոր Մեծ վեզիր, բռնակալ և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, 1918 թ. նոյեմբերին փախել էր Թուրքիայից՝ նոր վարչակարգի կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Թալեաթի 23 էջանոց հարցազրույցը հրապարակվեց 1924 (Լոնդոն) և 1925 (Նյու Յորք) թվականներին Հերբերտի «Բեն Քենդիմ. Արևելյան ճանապարհորդության նոթեր» խորագիրը կրող հուշերում:

Հերբերտը Թալեաթի հետ առաջին անգամ հանդիպել էր 1908 թվականին, երբ պաշտոնավարում էր Կոստանդնուպոլսում բրիտանական դեսպանատանը: Տասնմեկ տարի անց, Հերբերտը անակնկալ մի նամակ ստացավ Թալեաթից՝ նրա հետ «որևէ չեզոք երկրում» հանդիպելու խնդրանքով: Հուսահատորեն փորձելով վերականգնել իր դիվային կերպարը Արևմուտքում, Թալեաթը պնդում էր, թե «նա պատասխանատվություն չի կրում հայկական ջարդերի համար, թե կարող էր դա ապացուցել և շատ էր ցանկանում դա անել»: Հերբերտը մերժեց Թալեաթի խնդրանքը, ասելով. «Ես շատ ուրախացա լսելով, որ նա այն մարդը չէր, որ պատասխանատու էր հայկական ջարդերի համար, սակայն չէի կարծում, որ մեր հանդիպումն այդ ժամանակ կարող էր որևէ նպատակի ծառայել»:

Սակայն, Հերբերտը փոխեց իր որոշումը1921 թ. փետրվարին, երբ բրիտանական հետախուզության տնօրեն սըր Բասիլ Թոմսոնը հրամայեց նրան անմիջապես մեկնել Գերմանիա և հանդիպել Թալեաթի հետ: Գաղտնի ժամադրությունը տեղի ունեցավ փետրվարի 26-ին, գերմանական փոքրիկ Համ քաղաքում:

Թալեաթը մեկ անգամ ևս ասաց Հերբերտին, որ «նա անձամբ միշտ դեմ է եղել հայերի բնաջնջման փորձերին»: Առավել անհավատալիորեն, Թալեաթը պնդեց, թե «նա երկու անգամ ընդդիմացել է այդ քաղաքականությանը, սակայն մերժում է ստացել գերմանացիների կողմից»:

Մոռանալով ջարդերում իր անմեղության պնդումների մասին, Թալեաթը արդարացրեց զանգվածային սպանությունները՝ հայերին մեղադրելով պատերազմի ժամանակ իր երկրին թիկունքից հարվածելու մեջ: Կրկին ինքն իրեն հակասելով, Թալեաթը իր աջակցությունը հայտնեց հայերին, հայտարարելով, որ «նա կողմ է եղել ազգային փոքրամասնություններին առավել ընդլայնված ձևով ինքնավարություն շնորհելուն և ուրախությամբ է դիտարկել իրեն ներկայացված ցանկացած առաջարկ»:

Այնուհետև, հայկական կոտորածների համար Թալեաթը մեղքը բարդեց բրիտանացիների վրա. «Դուք՝ անգլիացիներդ, չեք կարող այս հարցում խուսափել ձեր պատասխանատվությունից: Մենք՝ երիտթուրքերս, գործնականում Թուրքիային ձեզ հրամցրեցինք, իսկ դուք մերժեցիք մեզ: Անվիճելի հետևանքներից մեկը եղավ քրիստոնյա փոքրամասնությունների կործանումը, որոնց ձեր վարչապետի պնդմամբ դիտարկվում էին որպես ձեր դաշնակիցներ: Եթե հույները և հայերը ձեր դաշնակիցներն են այն ժամանակ, երբ մենք գտնվում ենք պատերազմի մեջ ձեզ հետ, ապա դուք չեք կարող ակնկալել, որ մեր թուրքական կառավարությունը նրանց հետ վարվեր որպես բարեկամների»:

Հերբերտը և Թալեաթը այնուհետև որոշեցին տեղափոխվել Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաք, որտեղ ևս երկու օր շարունակեցին իրենց գաղտնի զրույցը: Հերբերտը պատմում էր Թալեաթի հակասական փորձի մասին՝ մի կողմից քողարկել իր դերը Հայոց ցեղասպանության մեջ, մյուս կողմից արդարացնել այդ հրեշավոր ոճրագործությունը: Թալեաթը նշել է, որ «նա հուշագիր էր գրել հայկական կոտորածների մասին և շատ էր ցանկանում, որ բրիտանացի պաշտոնյաները կարդան այն: Պատերազմի սկզբում, 1915 թվականին հայերը բանակ կազմակերպեցին և հարձակվեցին թուրքերի վրա, որոնք այն ժամանակ կռվում էին ռուսների դեմ: Երեք հայ պատգամավորներ ակտիվորեն մասնակցել են դրան. մահմեդականների դեմ իբր թե ջարդեր տեղի ունեցան, որոնք ուղեկցվեցին կանանց և երեխաների  նկատմամբ վայրագություններով: Նա երկու անգամ դեմ էր եղել բռնի տեղահանություններին, նաև եղել էր մի հետաքննության հեղինակ, որի հետևանքով մեղավոր քրդերից և թուրքերից մի քանիսը ենթարկվեցին մահապատժի»:

Ճակատագրի հեգնանքով, Թալեաթը ինքնավստահորեն ասաց Հերբերտին, որ նա չի վախենում սպանվելուց: «Նա ասաց, որ երբեք չի մտածել այդ մասին: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը չսիրի իրեն: Ես ասացի, որ թերթերում նրա մասին այդքան գրելուց հետո, հնարավոր է, որ հայերը կամենան վրեժխնդիր լինել նրանից, սակայն նա անուշադրության մատնեց իմ խոսքերը»: Երկու շաբաթ անց հայոց վրիժառու Սողոմոն Թեհլերյանը Բեռլինում գնդակահարեց դահիճ Թալեաթին…

Ավարտելով Թալեաթի հետ իր հարցազրույցը, Հերբերտը նկատեց. «Նա իր սերնդակից սակավաթիվ մարդկանցից էր, որ մահացավ ատելության մեջ, իսկապես անիծյալ: Միգուցե նա էր այդպես, ինչպես նրան պատկերում էին, չեմ կարող ասել: Ես գիտեմ, որ նա բացառիկ կարողություն և գրավչություն ուներ, սակայն չգիտեմ, թե արդյոք նա պատասխանատու էր հայկական կոտորածների համար»:

Միայն այդ ժամանակաշրջանի մասնագետները կարող են ստուգել այս ծավալուն հարցազրույցի հավաստիությունը և իսկությունը: Եթե այն իրոք ճիշտ է, ապա ո՞րն էր Թալեաթի նպատակը «անգլո-թուրքական դաշինք» առաջարկելիս, և ինչո՞ւ էր բրիտանական կառավարությունն այդքան ցանկանում զրուցել նրա հետ:

Հարութ Սասունյանv

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ