Վախեցած է
ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանը դատի տվել ազգագրագետ Հրանուշ Խառատյանին: Henaran.am-ի հետ զրույցում ազգագրագետն ասաց, որ դեռևս նիստ չի կայացել, հետաձգվել է մինչև փետրվարի վերջը, սակայն ինքը գիտի, թե ինչու է Հայրապետյանն իրեն դատի տվել:
Առաջին արտահայտությունը, որ վիրավորել է նրան Խառատյանի հնչեցրած ”մարդ եղե’ք, պարո’ն Հայրապետյան, եկե’ք, օգնեք նախաքննությանը” կոչն է եղել: Ոչ միայն այս արտահայտությունն է հիմք հանդիսացել ՀՖՖ նախագահի դատական հայցի համար:
””Առագաստ” սրճարանում ինքը ասել է, որ ներկա է եղել, հետո ոչ, անհայտացել է /խոսքը Պողոս Պողոսյանի սպանության օրվա մասին է-հեղ./: Ես ասում եմ, որ առնետի նման փախել է, ինչպես բոլորը, ովքեր այնտեղ ներկա են եղել և փախել են: Բայց առնետի նման փախչելը փոխաբերական արտահայտություն է”,-նկատեց ազգագրագետը:
Խառատյանը կարծում է, որ Ռուբեն Հայրապետյանն ուզում է վախեցնել իրեն: ”Անկեղծ եմ ասում, որ ես իրենից վախեցած եմ: Իհարկե, վախեցած եմ, ես բարձրաձայն ասել եմ, որ վախեցած եմ ու ինձ նորից վախեցնելու կարիք չկա”,-ժպտաց Հրանուշ Խառատյանը:
Հարցրեցինք` չի՞ զղջացել այդ արտահայտությունների համար, ազգրագրագետը պատասխանեց. ”Ես ոչ մի սուտ բան չեմ ասել, ոչ մի սխալ բան չեմ ասել: Եթե այդպես է, ուրեմն իրականությունից ընդհանրապես չպիտի խոսենք”:
Խառատյանը նաև ասաց, որ ինքը հույս չունի, թե դատավարությունն արդար կլինի: ”Դատելով նրանից, որ մեր դատաիրավական համակարգը զգալի չափով ազդեցության տակ է` չեմ կարող ասել, որ շատ հույս ունեմ արդար դատի, բայց վստահ գիտեմ, որ արդար դատի դեպքում չի կարող այլ տարբերակ լինել”:
Ռուբեն Հայրապետյանը Հրանուշ Խառատյանից պահանջում է 1 միլիոն դրամ: Իսկ ավելի վաղ քաղաքացիական ակտիվիստներ Հրանուշ Խառատյանը, Գարեգին Չուգասզյանը և ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայց էին ներկայացրել ”Հարսնաքարի” սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի դեմ` Ռուբեն Հայրապետյանի՝ “Nouvelle d’Armenie” ամսագրին տված հարցազրույցում նրանց հասցեին հնչեցրած զրպարտանքների ու վիրավորանքների մասով։