26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անհաղթահարելի խոչընդոտի կողքին Սահմանադրության մեջ պետք է ավելացնել անհաղթահարելի խթանը. Աղվան Վարդանյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում չմեկնաբանեց ԱԻՄ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի` ՍԴ չդիմելու մասին որոշումը եւ նշեց, որ ՀՅԴ-ն որեւէ վերաբերմունք չունի այս որոշմանը:

‘’Այս ընտրությունների վերաբերյալ մեր դիրքորոշումը հայտնի է: Որեւէ բան կախված չէր Պարույր Հայրիկյանի որոշումից: Գուցե իր անձնականի, իր վարկանիշի հետ ինչ-որ բան կապված էր, բայց մեծ հաշվով ընտրությունների արդյունքները կանխորոշված են, իշխանության թեկնածուի հաղթանակը կանխորոշված է, որովհետեւ սրանք իրականում ընտրություններ չեն’’,-նշեց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ընտրությունները չեն հանդիսանում իշխանություն ձեւավորելու միջոց:

ՀՅԴ ներկայացուցիչը միեւնույն ժամանակ նկատեց, որ վերջին օրերին հետաքրքիր զարգացումներ տեղի ունեցան:’’Կարծում եմ, որ Սահմանադրության մեջ բացի անհաղթահարելի  խոչընդոտ եզրաբանությունից , պետք է ավելացվի նաեւ անսպասելի խթան  տերմինը, երբ կարող է ինչ-որ միջադեպ նպաստել այս կամ այն թեկնածուի շուրջ շատ ավելի մեծ ուշադրության եւ վարկանիշի ‘’կտրուկ’’ փոփոխության:

Ես կարծում եմ, որ այս անսպասելի խթան հասկացությունը, եթե մտնի, մյուս թեկնածուները կարող են ասել, որ անսպասելի խթան է առաջացել եւ սրանով փոխվել են մրցակցային հավասար պայմանները, եւ մենք կարող ենք դիմել,  որպեսզի սա եւս հավասար լինի անհաղթահարելի խոչընդոտին’’,-կեսկատակ նշեց Աղվան Վարդանյանը:

Աղվան Վարդանյանը անդրադարձավ  նաեւ Պարույր Հայրիկյանի դեմ իրականացված մահափորձի վարկածներին եւ Հայրիկյանի այն ակնարկին, թե տեղի ունեցածը նախագահական ընտրություններին չմասնակցած ուժերին կարող էր  ձեռնտու լինել: Նա ‘’ապուշություն’’ որակեց այն տեսակետները, թե  ընտրություններին չմասնակցած ուժերի նպատակն էր, որպեսզի ընտրությունները երկարաձգվեն ոչ թե երկու շաբաթով, այլ քառասուն օրով, որպեսզի “նրանք մասնակցելու հնարավորություն ստանան”:

‘’Ապուշություն: Որոշ, ինչ ասեմ, կիսաքաղաքական մտածողության  կամ ըստ հարմարության շեշտադրումներ անող մարդկանց գործն է: Մենք մեր գնահատականը տվել ենք այս ընտրություններին:

Եթե ընտրությունների այս նույն  բնույթը շարունակվելու է, նման եզրակացության համար որեւէ հիմք չկա: Բայց մարդիկ պիտի բացատրություններ տան, հասկանում եմ նաեւ նրանց, ովքեր ասում են` ոչինչ կանխորոշված չէ, մենք գնալու ենք, պայքարելու ենք: Թող պայքարեն’’,-շարունակեց Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով , ընտրությունների ավարտից հետո թղթի վրա կգրվի յուրաքանչյուրի ստացած ձայների քանակը, իսկ փետրվարի տասնութին կհաջորդի փետրվարի տասնինը եւ ՀՅԴ-ն հենց այդ ժամանակ էլ կխոսի:

Հարցին, թե արդյոք տարօրինակ չէ, որ միջադեպի առաջին օրը Պարույր Հայրիկյանը խոսում էր ռուսական հետքի մասին, ավելի ուշ ընտրություններին չմասնակցած ուժերի հետ կապված ակնարկ արեց, Աղվան Վարդանյանը պատասխանեց.’’Պարույր Հայրիկյանը ցնցում տարած, շոկի մեջ գտնվող մարդ է եւ կարող է ամենատարբեր  եւ հակասական  տեսակետներ հայտնել’’:

Ի դեպ, Աղվան Վարդանյանը նշեց , թե իր համար Հայրիկյանի որոշումն սպասելի էր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ