Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել մայրաքաղաքում “Դալմա Գարդեն մոլ” համալիրի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում “Դալմա Գարդեն մոլ” բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը:
Բացման արարողությունն իրականացրած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և համալիրի սեփականատեր “Տաշիր գրուպ” ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Առևտրային գոտում ապրանքանիշներ և արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, “Դալմա Գարդեն մոլ”-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ և հիպերմարկետ: “Դալմա Գարդեն մոլ”-ը հավակնում է դառնալ նաև տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձևության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր և համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:
Համալիրի բացման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող “Արմպրոդէքսպո” մասնագիտացված ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սննդարդյունաբերության ոլորտի հայրենական առաջատար կազմակերպությունները՝ սննդամթերք և խմիչք արտադրողները, մատակարարները, ինչպես նաև ոլորտի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց արտադրանքը ևս արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հանրապետության ներքին շուկայում: Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի և ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է “Արմպրոդէքսպո”-ի տաղավարներով, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած արտադրանքին և զարգացման ծրագրերին:
Henaran.am-ին տեղեկացնում է ՀՀ նախագահի մալո գրասենյակը: