Հայրիկյանի դեպքը վախեցրել է
ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը հասարակության մոտ ֆորսմաժորային իրավիճակ է առաջացրել: ”Մարդկանց մեջ բողոք է բարձրացել այն իմաստով, որ մեր իրականության մեջ շատ դատապարտելի երևույթ է տեղի ունեցել”,-Henaran.am-ի հետ զրույցում, վերլուծելով հասարակության ներքին հոգեբանական իրավիճակն, ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը:
Վերջինս նշեց, որ ընդհանրապես հասարակության մեջ դժվար է գտնել հարցեր, որոնց շուրջ բոլորը համաձայն կլինեն, սակայն սա այն դեպքն է, երբ բոլորը նույն վրդովմունքն ունեն իրենց մեջ:
Սակայն, հոգեբանի խոսքով, մարդկանց անհատական կյանքում դա փոփոխության չի հանգեցրել: ”Այսպիսի իրադարձությունները բարոյական մոտեցումների ալիք են անցկացնում, բարոյական գնահատակնների ալիք, որ չի կարելի ընդհանրապես, նամանավանդ այնպիսի մարդու դեպքում, ինչպիսին Հայրիկյանն է, ում հետ ազգային գաղափարներ են սիմվոլացվում”,-նշեց հոգեբանը:
Արդյոք մարդկանց մոտ վախի հուզական ֆոն կա: ”Նման դեպքերում առաջանում է անապահովության մթնոլորտ, մարդիկ մտածում են, որ նախագահի թեկնածուի նկատմամբ կարելի է այդպիսի բան անել, ուրեմն ինքն անպաշտպան է”:
Հոգեբանն ընդգծեց, որ նման իրավիճակներում կարևոր դերակատարություն ունեն լրատվամիջոցներն ու նրանց հաղորդած լրատվությունը: Նրանք պետք է զերծ մնան խուճապի մթնոլորտ ստեղծելուց:
”Դա շատ վտանգավոր է, բայց նաև չպետք է շահարկել թեման` անկախ նրանից, ով ում շահերն է պաշտպանում այս դաշտում. իրադարձությունը դրամատիկ չդարձնել”,-խորհուրդ է տալիս Կարինե Նալչաջյանը: