«Ոչինչ, թող մեր պորտֆելները վերցնեն». ՀՀԿ պատգամավոր
«ՀՀԿ-ն միշտ էլ դռները բաց է պահել բոլոր նրանց առջև, ովքեր ցանկացել են հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծել: Այսօր ՀՅԴ-ն, վաղը եթե մեկ ուրիշը կկամեն`որևէ խնդիր չեմ տեսնում»,-այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ և ՀՅԴ հնարավոր կոալիցիային հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ տնտեսական խնդիրներ լուծելու համար, անկախ քաղաքական նկրտումներից, բոլորս պարտավոր ենք համատեղել մեր ջանքերը:
«Ոչինչ, թող մեր պորտֆելները վերցնեն: Եթե հիշում եք, մենք պատասխան ենք տվել ոչ միայն մեր 7, այլ 17 պորտֆելի համար»,- արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ եթե բոլորը ՀՀԿ-ի հետ կոալիցիա մտնեն՝ ՀՀԿ-ականների համար պաշտոնները չեն բավարարի ասաց Մինասյանը:
ՀՀԿ պատգամավորի խոսքով՝ աշխարհաքաղաքական այս խառը իրավիճակում Հայաստանը պիտի իր քաղաքական վեկտորներն ուղղի ոչ միայն դեպի Հյուսիս, այլ նաև Արևմուտք, կարողանա այնպիսի հարաբերություններ կարգավորել բոլորի հետ, որ մեր երկրի համար հնարավորինս օգուտներ քաղենք. «Մարդկային ռեսուրսներ կան, տնտեսական եւ քաղաքական վերլուծական կարող ուժեր կան, կառավարությունն էլ ամեն ինչ անում է ՀՀ-ի տնտեսական զարգացման հնարավորությունները մեծացնելու համար»,-ընդգծեց Մկրտիչ Մինասյանը: