Աուդիտ չեն անցել 167 խոշորները
ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի, ամփոփել է խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։
Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից. 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել: 167 կազմակերպություններում աուդիտ չի անցկացվել:
Հիշեցնենք, որ խոշոր են համարվում այն կազմակերպությունները, որոնց հաշվետու տարվա գործունեությունից հասույթը կամ ակտիվների հաշվեկշռային արժեքը հաշվետու տարվա վերջի դրությամբ գերազանցում է մեկ միլիարդ դրամը: 843 կազմակերպությունից 146 կազմակերպություն համարվում է խոշոր ըստ գործունեության հասույթի, 216-ը` ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի, իսկ 312-ը և ըստ գործունեության հասույթի և ըստ ակտիվների հաշվեկշռային արժեքի:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին