Էկոնոմիկայի նախարարությունը “Մայքրոսոֆթ”-ի հետ պայմանագիր կնքեց
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ կառավարության գերատեսչություններից առաջիններից է, որ կկիրառի բացառապես արտոնագրված ծրագրային փաթեթներ: Այդ ուղղությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը սեպտեմբերի 30-ին պայմանագիր է կնքել “Մայքրոսոֆթ” ընկերության հետ:
Կողմերը, գոհունակություն հայտնելով կայացած գործարքի կապակցությամբ, նշել են, որ այն կարող է հերթական հաջողված քայլը հանդիսանալ՝ ՀՀ կառավարության և “Մայքրոսոֆթ” կորպորացիայի միջև 2007թ. ստորագրված պայմանագրի իրագործման ուղղությամբ:
Նշված պայմանագրով ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր և ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Ողջունելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության այս քայլը` Մայքրոսոֆթի հայաստանյան ներկայացուցչությունը հույս է հայտնել, որ դրական այս օրինակն իր շարունակությունը կունենա նաև Կառավարության կառուցվածքում գործող այլ գերատեսչությունների շրջանում:
“Մայքրոսոֆթ” կորպորացիան Հայաստանում հիմնել է իր ներկայացուցչությունը 2006 թվականին։ 2007թ. ստորագրված պայմանագրի շրջանակում ընկերությունը համագործակցել է ՀՀ կառավարության հետ` կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման բնագավառներում, իրականացրել է Microsoft Windows և Microsoft Office ծրագրային փաթեթների տեղայնացում (հայաֆիկացում), մասնագետների վերապատրաստում և սերտիֆիկացում, Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում և այլ միջոցառումներ: