06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Անդրանիկ Զատիկյանին թունավորե՞լ են

Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորման միջոցով:

Այս կարծիքին են Զատիկյանի հարազատներից ոմանք:

Այս տարվա հունվարի 13-ին` ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մեծարենցի փողոցում հայտնաբերվել է Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ 31-ամյա Անդրանիկ Զատիկյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան հնարավոր վարկածներից է թմրամիջոցի դոզայի գերազանցումը, սակայն մահացածի հարազատներից ոմանք դա բացառում են, հնարավոր չեն համարում նաև ինքնասպանությունը: Նրանցից ոմանց կարծիքով կամ ենթադրությամբ, Անդրանիկ Զատիկյանը սպանվել է թունավորմամբ:

Վերոնշյալի առնչությամբ զրուցեցինք Վահան Զատիկյանի մորեղբոր` Մելս Հարությունյանի հետ: Ահա թե ինչ ասաց նա:

– Ինքնասպանություն չէր կարող լինել,- հավաստեց Մ. Հարությունյանը:- Որքան տեղյակ եմ, իրավապահները կատարվածի վերաբերյալ ոչ մի պաշտոնական վարկած չունեն: Նյութերն ուղարկել են դատաբժշկական և դատաքիմիական փորձաքննությունների, այդ քիմիական փորձաքննությունը մեկ ամիս է տևում: Պետք է պարզել, թե օրգանիզմի մեջ ինչ նյութ է անցել, ինչ թույն է, ինչից է եղել: Միայն այդ բոլորն ուսումնասիրելուց հետո պարզ կլինի: Հիմա քրեական գործ էլ չեն հարուցել, որովհետև մարմնի վրա բռնության հետքեր չկան:

Ինչպես տեղեկացանք մեր զրուցակցից, Վահան Զատիկյանի մահվանից և նրա որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունից հետո ինքը գրեթե ամեն օր եղել է նրանց տանը, միայն վերջին մեկ տարում է, որ մի քիչ ավելի ուշ է այցելում, բայց, այդուհանդերձ, իրեն քաջածանոթ է եղել Անդրանիկ Զատիկյանի կամային բնավորությունը, նա կարգին մարդ է եղել, կայացած, ձևավորված անձնավորություն:

– Շատերը մտածում էին, որ նա եղբոր` Սեդրակի սպանությունից հետո կարող է ինչ ասես, անել, բայց նա իրեն շատ տղամարդավարի պահեց, կամքի ուժ դրսևորեց,- ասաց Վ. Զատիկյանի մորեղբայրը:- Հանձնարարեցինք իրեն, որ վրեժ լուծելու նախաձեռնություն չցուցաբերի, քայլ չկատարի, և չի էլ արել: Կարողացավ իրեն տիրապետել: Ինքնասպանություն կատարող մարդը մինչ այդ թեթևություն կունենար նաև եղբոր սպանության վրեժը լուծելու, բայց նա այդ քայլին երբեք չի գնացել, կարողացել է չտրվել իր զգացմունքներին, ինքնատիրապետել իրեն: Դեպքից առաջ նրա վարքում որևէ տարօրինակ փոփոխություն չեմ նկատել:

Ինչ վերաբերում է թմրամիջոցի հնարավոր գործածմանը, ապա, ըստ Մելս Հարությունյանի, նման բան չի եղել: – Մահվանից մոտ մեկ ամիս առաջ Գերմանիա էր գնացել,- շարունակեց նա,- մորն այնտեղ տարել էր բժշկի, և առիթից օգտվելով, մոր առաջարկով ինքն էլ Գերմանիայում, հիվանդանոցում բժշկական մանրամասն հետազոտման էր ենթարկվել:

Հետազոտության արդյունքներում, որոնք ինձ մոտ են, չկա որևէ տվյալ, որը կվկայի նրա կողմից թմրամիջոց օգտագործելու մասին: Դեպքից մեկ օր առաջ էլ Ծաղկաձոր էր նորմալ-գնացել եկել, հետո խաղացել երեխայի հետ,- ասում է մորեղբայրը:

Ըստ մեր զրուցակցի, բազմաթիվ սպանություններ կազմակերպվել են թունավորմամբ, և ինքն այն կարծիքին է, որ Անդրանիկ Զատիկյանին թունավորել են:

Հասկանալի է, որ մնացյալն արդեն պարզ կդառնա փորձաքննությունների եզրակացությունները ստանալուց հետո:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ