Որեւէ թեկնածու չի կարող ասել, որ իրեն պարտադրվել է չառաջադրվել. Հովիկ Աբրահամյան
Գործող նախագահ Սերժ Սարգսյանը բարոյական իրավունք ունի նախագահ ընտրվելու: Այսօր Արտաշատում Արարատի մարզի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նման հայտարարություն է արել ԱԺ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը:
Նրա խոսքով` Սերժ Սարգսյանին հաջողվել է երեք կարեւոր խնդիր լուծել: Նախ, Հայոց բանակն այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է, ինչը Հովիկ Աբրահամյանի խոսքով, նախագահի ամենօրյա աշխատանքի արդյունքն է:
Մյուս կարեւոր խնդիրը, ըստ ԱԺ նախագահի`երկրում քաղաքական կայունության հաստատումն է: ‘’Այսօր բազմաթիվ քննադատություններ են հնչում, թե ընտրությունները մրցակցային չեն: Նախագահը շատ ճիշտ ասաց`իշխանության պարտականությունը չէ ստեղծել քաղաքական մրցակիցներ: Որեւէ թեկնածու չի կարող ասել, որ իրեն պարտադրվել է չառաջադրվել’’,-ընդգծեց ՀՀԿ թեկնածուի շտաբի պետը եւ հավելեց, որ թեկնածուների շարքում կան ճանապարհ անցած գործիչներ:
Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ տնտեսական աճն էլ մեծապես պայմանավորված է երկրի քաղաքական կայունությամբ: ‘’Նախագահը լավ պատկերացում ունի երկրի տնտեսության վիճակի մասին, լավ գիտի, որ երկրի 1/3-ը լավ չի ապրում’’,-նշեց Հովիկ Աբրահամյանը` հավելելով, թե պետք է հնարավորություն տալ երկրի ղեկավարին այս խնդիրները լուծելու:
Հովիկ Աբրահամյանի խոսքով, 5 տարում, իհարկե, բոլոր խնդիրները լուծել հնարավոր չէ, բայց դրական տեղաշարժեր անպայման պետք է լինեն. ‘’Դա հնարավոր է’’:
Մյուս հանգամանքը, որ կարեւորեց Հովիկ Աբրահամյանն Արտաշատում` ազատ եւ արդար ընտրությունների անցկացման անհրաժեշտությունն է: Նա շեշտեց, որ խորհրդարանական ընտրությունների հաջողությունը պետք է զարգացնել եւ էլ ավելի լավ ընտրություններ անցկացնել` բացառելով որեւէ թերացում:
‘’Մենք ամեն ինչ անելու ենք, որ որեւէ հնարավորություն չտրվի որեւէ կազմակերպության կամ եվրոպական կառույցի քննադատել մեզ: Մեր այն թիմակիցները, այն կուսակիցները, որոնք կփորձեն խախտումներ կատարել, ‘’արջի ծառայություն’’ կմատուցեն մեզ: Մենք մինչեւ վերջ գնալու ենք նրանց պատժելու համար: Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, որ արդար ընտրություններ անցկացվեն: Դա հնարավոր է’’,-շարունակեց Հովիկ Աբրահամյանը: