ԱԳՆ շենքը դրոշի նման պետք էր պահպանել. ճարտարապետ
Ճարտարապետների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Հրաչիկ Պողոսյանը կարծում է, որ այն շենքերը, որոնք քաղաքի դեմքն են ստեղծում, պետք է պահպանել: Այդ թվում նա առանձնացրեց Դվին հյուրանոցը և նշեց, որ այս շենքի ճակատագիրն անորոշ է:
Henaran.am-ի հարցին, թե արդյոք արդարացված է ԱԳՆ շենքի վաճառքը, ապա աճուրդը, Պողոսյանը պատասխանեց. ՛՛Ես համարում եմ, որ վաճառքը կարելի էր, որովհետև չեն քանդում, սակայն լինելով պետական կառույց՝ և կառավարության շենքը, և ԱԳՆ շենքը հրապարակում ստեղծում են այն աորան, որը կոչվում է պետականություն՛՛:
Նրա խոսքով՝ կառավարական երկու շենքերը սիմվոլներ են, և վաճառքից առաջ դա պետք էր հաշվի առնել: ՛՛Հայ ժողովուրդը երկար ժամանակ չի ունեցել պետականություն և պետք է պահպանի դրոշը, օրհներգը, այդպես էլ հրապարակը… կարելի է դարձնել հյուրանոց, քանի որ շենքը չի տուժի, բայց հարցը հյուրանոցի մեջ չի, հարցը գաղափարական մոտեցման մասին է՛՛,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է կայանալիք նախագահական ընտրություններին, ապա Պողոսյանը նկատեց, որ երկրի առջև բազմաթիվ վտանգներ են կանգնած:
՛՛Ես պատկերացնում եմ՝ ինչ դժվար գործընթաց է սպասվում նոր նախագահին: Զարմանալի է այն մարդկանց վիճակը, ովքեր դիմել են նախագահ դառնալու համար` առանց իմանալու արդյունաբերությունը, արտադրությունը՛՛: