Նախագահական մրցավազք-1
Ով, որտեղ, ինչպես… Հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրված ութ թեկնածուները քարոզարշավի առաջին շաբաթվա հենց առաջին օրվանից գործի անցան:
Գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանը քարոզարշավն սկսեց Ավան համայնքից, այնուհետ ուղեւորվեց Սյունիք, իսկ այսօր Տավուշի մարզում է: Սերժ Սարգսյանն ընտրողների հետ դահլիճային հանդիպումներ է ունենում. եղանակը ցուրտ է, ժողովուրդը կմրսի:
Ի դեպ, անցած քարոզարշավների համեմատ, այս անգամ նախագահի “ախրանան” փոխվել է. ժողովրդին հրմշտելու “պրակտիկան” չի կիրառվում: Սարգսյանը գյուղ առ գյուղ կանգ է առնում եւ ժողովրդի հետ խոսում “մեսիջներով”` այս ընտրությունները ազատ եւ արդար են լինելու, խոստանում եմ` կառուցելու ենք ապահով Հայաստան:
Ապահով” չի նշանակում միայն “անվտանգ”: “Ապահով” նշանակում է նաև “ապահովված”`համակողմանիորեն ապահովված Հայաստան և համակողմանիորեն ապահովված քաղաքացի …
Թեկնածուն եկող շաբաթը կսկսի Լոռու մարզից:
Անցնող շաբաթվա ընթացքում սոցկայքերում ամենաքննարկվող թեման “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավն էր: Մեկնարկը տրվեց Օպերայից:
Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական զբոսանք սկսեց` մայրաքաղաքով մեկ: Եղավ ամենուր` շուկաներից մինչեւ մշակությաին օջախներ, ճանապարհին ողջունեց բոլորին` վաճառականից մինչեւ Եվգենի Պետրոսյան, անգամ հասցրեց մտնել վարսավիրանոց: Իսկ շաբաթվա վերջին Րաֆֆին Մեծամորում է: Եկող շաբաթ թեկնածուն կրկին մարզերում կլինի:
“Ես քեզ հետ եմ, հավատում եմ, որ իսկական մեր Հայաստանը դեռ առջեւում է: Փետրվարի 18-ին ես գնում եմ այնտեղ … արի ինձ հետ …”,-մեծ ու փոքրին ասում է Րաֆֆի Հովհաննիսյանը` սեփական նախընտրական ծրագրով` քաղաքացիների դռներից ներս մտնելով:
Նախկին վարչապետ, ‘’Ազատություն’’ կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը տնտեսական խնդրիների շեշտադրումով` ” 100 քայլով” սկսեց Վերին Արտաշատից: Թեկնածուն երկու օր եղավ Տավուշի մարզում: Հրանտ Բագրատյանը կիրակի կհանգստանա, իսկ հաջորդ շաբաթ կրկին մարզերում կլինի: Շաբաթվա սկզբում հանդես կգա ասուլիսով:
Փետրվարի 21-ին` քարոզարշավը դեռ չսկսված`նստեց եւ հացադուլ սկսեց Անդրիաս Ղուկասյանը` ‘’Վերջ շինծու ընտրություններին’’ : Այս թեկնածուի օրինակը կարծես վարակիչ է դառնում:
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, որը քարոզարշավի առաջին շաբաթը նվիրեց ասուլիսներին ու ֆեյսբուքյան քարոզչությանը, եռօրյա հացադուլ է անում, բայց ոչ նստակյաց. գործերը շատ են, պետք է հասցնել:
Հացադուլը չի շրջանցի նաեւ Ազգային Համաձայնություն կուսակցության նախագահ Արամ Հարությունյանին: Ասուլիսներով քարոզարշավ անող թեկնածուն թեեւ չի գտնում, որ ‘’հաց չուտելով’’ կարելի է զարմացնել, բայց փետրվարի 7-ին ԿԸՀ դիմաց մեկօրյա հացադուլ-“ֆուրշետ” կանի, իսկ փետրվարի 8-ին կհանի իր թեկնածությունը:
Էպոսագետ նախագահի թեկնածուն` Վարդան Սեդրակյանը, ով, ի դեպ, ապավինել է Աստծուն, հավատարիմ մնաց իր հայտարարությանը: Հանրությունը նրան տեսավ միայն եթերից` մամուլի ակումբներում: ‘’10 մարդ հավաքելը ժողովրդի հետ հանդիպում չի’’,-համոզված է նա, ով համարում է, որ 21-րդ դարում այս մեթոդը հնացած է:
Քարոզարշավի առաջին շաբաթվա ընթացքում աննկատ մնաց ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Արման Մելիքյանը, ով հայտարարել էր, որ կասեցնում է քարոզարշավը:
Այս ընթացքում հրապարակված սոցհարցումները դասակարգեցին. եթե ընտրությունները լինեին անցած շաբաթ, առաջին տեղում Սերժ Սարգսյանը կլիներ, երկրորդը Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա Հայրիկյանն ու Հրանտ Բագրատյանը: Նրանց կհաջորդեին Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը եւ Վարդան Սեդրակյանը: