22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչ է նշանակում Աստծուն երկրպագել

Սուրբ Պատարագի ժամանակ սարկավագի կողմից ասված այս խոսքերին անմիջապես հաջորդում է մի գործողություն: Ներկաները, երեսները խաչակնքելով և խոնարհվելով, երկրպագում են:

Երկրպագությունը հոգևոր բարեպաշտական արարողություն է, այն աստվածպաշտության ժամանակ կատարվող սրբազան գործողություն է, որ կատարվում է Սբ. Պատարագի և մյուս խորհրդակատարությունների ընթացքում: Բոլոր եկեղեցական արարողությունները, ծեսերը, տոները, ժամերգությունները երկրպագություն են Աստծուն՝ ի դեմս Սուրբ Երրորդության երեք Անձերի, ինչպես նաև սրբերին և մարգարեներին՝ որպես հարգանքի, ակնածանքի, անվերապահ հեղինակության ընդունում սեփական անձի, կյանքի և գործերի նկատմամբ: Երկրպագություն կատարում են պատարագիչ քահանան և հավատացյալները:

Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում «երկրպագել» բառի դիմաց կարդում ենք. երկիրը համբուրել մեկի առաջ՝ ի նշան խոնարհության և հարգանքի, իսկ կրոնական առումով՝ Աստծուն, սրբություններին հարգանք մատուցել՝ համբուրելով և խոնարհվելով:

Երկրպագությունը առ Աստված ոչ միայն Աստծուն հավատացողի պարտականությունն է, այլ նաև աստվածաշնչյան պատվեր է: Մկրտությունից հետո Հիսուս Քրիստոս Սուրբ Հոգու կողմից տարվեց անապատ՝ փորձվելու սատանայից: Փորձության ժամանակ, երբ չարը իրեն երկրպագելու դիմաց առաջարկեց աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը, մեր Տերը պատասխանեց՝ Սուրբ Գրքից օրինակ բերելով. «Օրենքի գրքում գրված է. «Քո Տեր Աստծո՛ւն պիտի երկրպագես և Նրան միայն պաշտես» (Բ Օրենք 6.13):

Երկրպագում են գլուխը խոնարհելով կամ ծնրադրելով: Վերջինս կոչվում է նաև ծնրադիր երկրպագություն, որը հատուկ է հատկապես առանձնական աղոթքին և աստվածպաշտությանը: Կիրակի օրերը չեն ծնրադրում (նման կանոն առաջին անգամ ընդունվել է Նիկիայի Ա տիեզերական ժողովում), այլ՝ Աստծուն երկրպագում են կանգնած: Դրանով պատվում են կիրակի օրվա խորհուրդը, որովհետև այդ օրը Քրիստոս հարություն առավ և մարդկանց ոտքի կանգնեցրեց մեղքերից:

Երկրպագությամբ և գլուխ խոնարհեցնելով՝ ցույց ենք տալիս մեր ծառայությունն ու հեզությունը Աստծո առջև և խոստովանում մեր մեղավոր լինելը:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ