23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք»

Մեր կյանքում լինում են բազմաթիվ իրադրություններ, երբ փորձում ենք հասկանալ երկնային նախախնամության դերն ու կամքը տվյալ իրավիճակում, բայց հաճախ մշուշոտ էլ մնում է, ու չենք հասկանում, թե ինչու չիրականացավ սպասված բաղձանքը: Մարդու և Աստծու միջև գտնվող այդ մշուշն անէանում է, երբ անհատը ձգտում է բացահայտել ճանաչողության խորհուրդը:

Եվ ամենայնի ճանաչողությունը լույսի ներքո ինքնաճանաչման ուղի է: Ինքն իրեն կատարելապես ճանաչելու անդրադարձը մարդու միտքը դարձնում է պարզ և հստակ` հնարավորություն տալով տեսնել հեռավոր հորիզոնները և հասկանալ, թե կյանքի տարբեր իրադրություններում ինչպես է Երկնավոր Հայրը միջամտում մարդու կյանքին: Աստծու Հոգին աշխատում է բյուրեղացնել յուրաքանչյուր այն անձի կարծրացած հոգին, ով ձգտում է քայլել այդ ճանապարհով և հասկանալ Աստծուն:

Եվ եթե ուշադրություն ենք դարձնում, աստվածային նախախնամությունը շեշտադրում է մարդու ինքնաճանաչման սկզբունքը: Ինչո՞ւ է կարևոր այդ հանգամանքը: Մարդու գլխավոր դժբախտություններից ու ողբերգություններից մեկն այն է, որ ինքն իրեն չի կամենում ճանաչել, այսինքն` չի ընկալում իր ով լինելը գիտակցական մակարդակով ու ապրումով, բայց իր հոգու խորքում իրեն աստված է համարում, քանի որ երկրի վրա իրեն բացարձակ տեր է կարծում` այն զգացումով, թե աշխարհում ամենայն ինչ իր տնօրինության ներքո է: Եվ մարդն ակամայից իրեն համարում է հավասարազոր Արարչին:

Սակայն Ավետարանում Հիսուս միանգամից երևան է հանում մարդ արարածի խոցելի ու տկար լինելը և նրա կատարյալ ու բարի լինելու ինքնագնահատականի սխալմունքը (Ղուկ. 18:19-23): Մարդու անկումն ու գահավիժումը առավել երևում են նաև Թագավորաց 4-րդ գրքում, երբ ասորիների պաշարած քաղաքում սովն է սաստկանում ու իրենց բարի, ազնիվ և բարեպաշտ կարծող մարդիկ այս իրադրության մեջ ցուցաբերում են գազանային հատկանիշներ, երբ մայրերը կորցնում են իրենց մայրական հոգատարությունն ու մայրական մեծագույն արժեքը, ինչպես աստվածաշնչյան տողերն են վկայում.

«Իսրայէլի արքան շրջում էր պարսպի վրա: Մի կին աղաղակելով՝ ասաց նրան. «Փրկի՛ր ինձ, տե՛ր արքա»: Արքան ասաց. «Եթե Տերը չի փրկում, ինչո՞վ կարող եմ ես փրկել քեզ, կալո՞վ, թե՞ հնձանով»: Արքան հարցրեց. «Քեզ ի՞նչ է պատահել»: Նա ասաց. «Այս կինն ինձ ասաց. «Տո՛ւր քո որդուն, որ այսօր ուտենք նրան, իսկ իմ որդուն վաղը կուտենք»: Եփեցինք իմ որդուն ու կերանք: Հաջորդ օրն ասացի նրան. «Տո՛ւր քո որդուն, որ ուտենք, սակայն նա թաքցրեց իր որդուն»: Երբ արքան կնոջ այս խոսքերը լսեց, պատառոտեց իր հագուստները, և քանի որ նա դեռ շրջում էր պարսպի վրա, ժողովուրդը տեսավ, որ նա իր հագուստի տակից, մարմնի վրա քուրձ էր հագել» (Դ Թագ. 6:26-30):

Անկասկած, սոսկալի են այս տողերը, բայց դրանք բացահայտում են մարդու էության ամբողջությունը, երբ նա ինքնապարփակվում է և իրեն զրկում Աստծո հաղորդակցությունից: Այս ինքնաճանաչման բացահայտումն է, որ սարսուռ է առաջացնում անհատի հոգում, և ահա այս լիակատար ներքին տեսողությունն է, որ դարերի խորքից հնչում է սբ. Գրիգոր Նարեկացու մատյանում, ուր նա ցույց է տալիս մարդու լիովին անկյալ բնությունը և մարդկային հոգու փլուզված ներքին տաճարի կիսականգուն զանգակատան զանգերը ուժգին հնչեցնում` որպես ինքնաճանաչման արթնություն՝ ուղղված յուրաքանչյուր անհատի:

Արդյունքում տեսնում ենք, թե բանական արարածը հեռանալով Աստծուց ինչպիսի վարք է դրսևորում տարբեր իրավիճակներում: Եվ Աստծու Հոգին ցույց է տալիս, թե մարդն ինչպիսին է իրականում, որ իր սրտի ծածուկ վայրերում իրեն աստված համարող մարդը արարիչը չէ, այլ ստեղծված է Աստծո նմանությամբ և պատկերով: Տեսական մակարդակով շատերն են այսպես կարծում, սակայն գիտակցական ապրումով ու գիտակցական համոզմունքով շատ շատերը սրտի խորքում իրենց դեռևս աստված են համարում, և հավասարազոր ու մրցակից Արարչին:

Դրա լավագույն օրինակը մարդու «ես»-ի դրսևորումներն են տարբեր իրավիճակներում: Այս պրոցեսը արտահայտված է նաև ինչ-որ կարևոր բան անելու մտայնության մեջ, որով կփառավորվի անհատի անձն այս աշխարհում: Մարդու «ես»-ն ինքնաբերաբար ձգտում է առաջ անցնել Աստծուց և գործերով անմահացնել իր անձը, սակայն նրա այս բոլոր քայլերը ձախողվում են, որովհետև առանց Նրա ի վերջո ոչինչ չի կարող անել, որովհետև սահմանավոր մարդը պետք է հասկանա, որ ամեն ինչ անսահման Աստծունն է:

Եվ մարդու նման բնութագիրը արտացոլվում է ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կյանքում, երբ անհատը փորձում է Աստծու զորությունն ու անունն օգտագործել հոգևոր գործեր կատարելու համար, սակայն իրականում հանուն իր անձի ու իր հոգևոր հանրաճանաչության: Եվ Աստծո հետ փոխհարաբերության անհաջողություններից մեկն այն է, որ մարդուն թվում է, թե այս աշխարհն ամեն ինչ է: Եվ դա ընդունում է իբրև չափանիշ կյանքի ուղին կառուցելու համար, բայց իրականությունն այն է, որ մարդն ախտահարված է մեղքով, ու աշխարհը նույնպես արտացոլում է այդ անկումն իր մեջ ու քայքայվում է և փոշիանում:

Ի՞նչն է այս ամենի մեծագույն ապացույցը։ Մեծագույն ապացույցը հենց մահն է, որը չի խնայում որևէ մեկին: Մի՞թե սա չի նշանակում՝ ինչ-որ բան այն չէ մարդու կյանքում, մանավանդ, երբ մահը փոքրիկ երեխաներին էլ չի խնայում: Երբ չես գիտակցում, որ դու ու քո ամբողջ էությունն ու բնությունն ախտահարված եք մեղքով, չես կարող բժշկվել: Այդ անտեսանելի «հիվանդությունը» ուրվականի պես ուղեկցում է մարդուն ծննդյան օրվանից:

Այս ամենից ի՞նչ է երևում: Երևում է, որ չկա երկրի վրա որևէ կատարելություն, և այն բոլոր նպատակներն ու ծրագրերը, որ մարդը փորձում է իրականացնել այս աշխարհում, չեն կարող իբրև կարևորագույն նպատակ լինել Աստծո մոտ, այլ յուրաքանչյուր անձի բժշկությունը և փրկությունն են կարևոր` ախտահարված մեղքից ազատագրվելու համար: Սա ճանաչողության հիմնական կետերից մեկն է` ճանաչել, ընդունել, որ ամբողջապես «հիվանդացել» ես բնությամբ, այլ ոչ թե մասնակի:

Հիսուսի պատմած փարիսեցու և մաքսավորի առակի մեջ այդ դրվագն ուշագրավ է (Ղուկ. 18:9-14): Միայն այս դեպքում մարդը քայլ կգործադրի, որպեսզի փոխի իր ուղին` շրջվելով դեպի Աստված, որ բժշկվի: Եթե հիվանդը լրջությամբ չգիտակցի, որ հիվանդ է, չի ձգտի գնալ բժշկի մոտ, որպեսզի բժշկվի, որովհետև եթե այդ կացության մեջ մնա, իր ունեցածն էլ կկորցնի, ինչպես ավետարանում նկարագրվող անառակ որդու առակի մեջ է (Ղուկ. 15:11-32): Արդ, Աստծո Հոգին ջանում է մարդուն հենց այդ ցույց տալ` ասելով ճանաչիր ինքդ քեզ ոչ թե մասնակի, այլ ամբողջապես, որպեսզի կարողանաս ճիշտ փոխհարաբերություն հյուսել Երկնավոր Հոր հետ:

Բայց այստեղ մեկ նրբություն կա` ճանաչել ինքդ քեզ ոչ թե նրա համար, որ արդարանաս, թե այդպիսին եմ, և շարունակես ապրել մեղավոր կյանքով, քանի որ փոխվել հնարավոր չէ: Այդպես հաճախ սատանան է նաև ներշնչում, այլ պիտի ճանաչես ինքդ քեզ՝ փոխվելու և նոր մարդ դառնալու համար: Սա է Աստծո Հոգու տված պատգամն ու խորհուրդը մարդուն: Արդ, աստվածաբանություն և հոգևոր գիտելիք ունենալն ունայն է, եթե քո կյանքի յուրաքանչյուր քայլն իր մեջ չի կրում աստվածանմանության դրոշմը:
Հովհաննես սրկ. Մանուկյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ