Հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով․ ԵԽԽՎ
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունը այցելել է Հայաստան դեկտեմբերի 4-ից 7-ը՝ դիտարկելու սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին: ԵԽԽՎ պատվիրակությունն արդյունքում եզրակացություն է հրապարակել իր պաշտոնական կայքում, որում ասվում է.
Քարոզարշավը եղել է ոչ ակտիվ, քիչ են եղել հասարակական բանավեճերը։ Իսկ հանրաքվեի նախնական արդյունքներով՝ քվեարկությանը մասնակցած քաղաքացիների 64 տոկոսը քվեարկել է հօգուտ փոփոխությունների՝ ապահովելով սահմանադրական փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ 25 տոկոսանոց քվորումը:
Ընտրողների համեմատաբար ցածր մասնակցությունը, որը կազմել է ընդհանուր բնակչության շուրջ 50% – ը, արտացոլում է այն փաստը, որ այդ հանրաքվեն պայմանավորված է եղել քաղաքական շահերով, այլ ոչ թե երկրի բնակչության հասարակական կարիքներով եւ ընկալվել է բազմաթիվ քաղաքացիների կողմից որպես վստահության քվե կառավարությանը, այլ ոչ թե որպես փոփոխությունների առաջարկ:
Երկուսուկես տարվա բարեփոխումների գործընթացը բավարար չէր. խորհրդարանը ընդամենը մի քանի շաբաթում է քննարկել սահմանադրության տեքստը, իսկ հանրային բանավեճերը տեւել են երկու ամիս, ինչի արդյունքում դժվար է եղել որեւէ պայմանավորվածություն ձեռք բերել:
Այսպիսով, սահմանադրական փոփոխությունների հիմնական մեխը՝ անցումը նախագահական համակարգից խորհրդարանական համակարգին, բազմաթիվ քաղաքացիների կողմից ընկալվել է որպես միջոց կամ հնարավորություն գործող նախագահի համար իշխանության մնալու իր նախագահության երկրորդ և վերջին ժամկետի ավարտից հետո:
Ինչ վերաբերում է քվեարկության գործընթացին, պատվիրակությունը ափսոսում է, որ իշխանությունները չեն եղել բավականաչափ մտահոգված նոր սահմանադրություն տանող գործընթացի ամբողջականությամբ, եւ պետք է նշենք մի քանի խնդիրներ, որոնցից շատերը արդեն նշված է եղել ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ-ի ներկայացված նախորդ հանձնարարականներում:
Ընտրացուցակների անճշտությունը, որոնք պարունակել են շատ մարդկանց անուններ, ովքեր մշտապես բնակվում են արտերկրում: Կան նույնիսկ մահացածների անուններ, ինչը հանգեցրեց պնդումներին, որ այդ անունով մի քանի անգամ քվեարկություն է տեղի ունեցել:
Պնդումները խոշորչափերի կազմակերպված ընտրակաշառքների, կարուսելի մասին, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշման դեպքերը;
Լրատվական դաշտում պայմանների անհավասարության պատճառով քաղաքական կուսակցությունները չեն կարողացել կատարել իրենց պարտականությունները՝ հասարակությանը տեղեկացնելու և մոտիվացնելու համար։
վարչական ռեսուրսների չարաշահումը գործադիր մարմինների կողմից
պնդումները ընտրական հանձնաժողովներին ճնշելու, կաշառելու մասին
Տեղամասային ընտրական հանձնաժողովներում թերություններ հատկապես հաշվարկի ընթացքում։
Շարժական քվեարկության բացակայությունը բացառել է հաշմանդամ քաղաքացիների մասնակցությունը։
ԵԽԽՎ պատվիրակությունը իշխանություններին կոչ է անում անդրադառնալ այս խնդիրներին, որպեսզի վստահություն ձեռք բերի քվեարկության գործընթացի և քաղաքականության մեջ ընդհանրապես՝ Հայաստանի իրական ժողովրդավարական ապագան ապահովելու համար ։
Հայաստանում գտնվելու ժամանակ պատվիրակությունը նաեւ հանդիպել է քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների, ԿԸՀ նախագահի, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների հետ։
Դիտորդական առաքելության ղեկավարն էր Շվեյցարիայի պատգամավոր Անդրեաս Գրոսը։ Պատվիրակության մեջ էր նաև Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցող Ալան Միլը, Շվեյցարիայի պատգամավոր Դորիս Ֆիալան։