Անահիտը գրավել է Բարսելոնայի բեմը
րիտասարդ երգչուհի Անահիտ Սահակյանը վոկալի ուսուցչուհու` Արմանուշ Լևոնովնայի առաջարկությամբ Իսպանիայի Բարսելոնա քաղաքում մասնակցել է միջազգային “Երգող Կոստա Բրավա” մրցույթին: Անահիտը մրցույթի մասին տեղեկացել է այն ժամանակ, երբ դրան մնացել էր ընդամենը մեկ ամիս: Հայաստանյան քասթինգն անցնելուց հետո երգչուհին մասնակցել է նաև Իսպանիայում կայացած նախընտրական փուլին, որը հաղթահարելուց հետո Հայաստանն առաջին անգամ այդ մրցույթում ներկայացնելու հնարավորություն է ստացել:
Օր ու գիշեր պատրաստված ու երեք երգ ընտրած Անահիտը տարեսկզբին` հունվարի 5-ին, մեկնել է Իսպանիա, որտեղ հունվարի 7-ին կայացել է մրցույթը:
Մինչ մեկնելը երգչուհին երեք երգ էր ընտրել ` Առնո Բաբաջանյանի “Կամուրջները”, Սելին Դիոնի` “I’m Alive”-ը և Թինա Թյորների “Simply The Best”-ը: Արդեն Իսպանիայում կազմկերպիչներն ընտրել են վերջին երկուսը: Բարսելոնայի համեգասրահներից մեկում անցկացված մրցույթին մասնակցել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսպանիայի, Հունաստանի և Եվրոպայի մի շարք այլ երկրների ներկայացուցիչներ` ինչպես երգիչներ, այնպես էլ պարողներ ու երաժիշտներ:
Անահիտի խոսքերով` մրցույթի օրը բեմում ընդհանրապես լարված չի եղել, ինչն էլ կապում է ժյուրիի անդամների ջերմ վերաբերմունքի հետ. “Ժյուրիի կազմում տարբեր երկրների ներկայացուցիչներ էին. ծափերով դիմավորում ու ճանապարհում էին բոլոր մասնակիցներին,-պատմեց Անահիտն ու հավելեց,- երբ ինձ հանձնեցին առաջին մրցանակը, ժյուրիի անդամներից մի քանիսը մոտեցան ու շնորհավորանքից բացի բազմաթիվ լավ խոսքեր ասացին”: Երիտասարդ երգչուհուն ոգևորել է այն հանգամանքը, որ ժյուրիի անդամները բեմում իրեն գովեստի խոսքեր են ասել և նշել, որ Աստծուց տրված ձայն ունի և շատ լավ է երգում:
Իսկ Հայաստանում նրան անակնկալ էր սպասվում. միջազգային մրցույթում հաղթած Անահիտին օդանավակայանում սպասում էին ոչ միայն ընտանիքի անդամները, այլև վոկալի ուսուցչուհին, հարազատները, ընկերները` մոտ 50 մարդ:
Այս ամենից անչափ ուրախացած Անահիտին միայն տխրեցրել է այն փաստը, որ վերադարձի ժամանակ ինքնաթիռում է թողել իր iPad-ը:(