Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին հրապարակային բանավեճի հրավիրեց
_1358506044.jpg)
‘’Ժառանգության’’ առաջնորդ, ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր հիմնական թեկնածուն գործող նախագահ Սերժ Սարգսյանն է, իսկ առաջին տեղը` ՀՀ քաղաքացին պետք է զբաղեցնի:
Ազատ եւ արդար ընտրությունների ապահովման համար Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին կոչ արեց իրականացնել նրան ուղղված իր նամակի 15 կետերը:
‘’ Մինչև երկուշաբթի պետական և հանրային շենքերը պետք է ապակուսակցականացվեն’’,-շեշտեց Րաֆֆի Հովհաննիսյանըց: Րաֆֆի Հովհաննիսյանը գործող նախագահին բանավեճի հրավիրեց.’’Իմ հիմնական մրցակցին՝ պարոն նախագահին, հրավիրում եմ հրապարակային բանավեճի՝ բացօթյա, կամ հեռուստատեսային’’:
Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց նաեւ, որ իրեն մարզային այցելությունների ժամանակ ոստիկանության եւ ազգային անվտանգության աշխատակիցներ են ուղեկցում եւ նշեց, որ իր անվտանգության ապահովման անհրաժեշտություն չի տեսնում.’’Պետք չէ հետապնդել և նկարահանել մեզ և մեր քաղաքացիներին’’:
Անդրադառնալով թեկնածու Անդրիաս Ղուկասյանի` հացադուլի մասին կոչին, Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հացադուլի փորձ ունի, նշեց, որ ինքը թեեւ նման խնդիր չունի, բայց առաջինը կայցելի թեկնածուին եւ կոչ կանի դադարեցնել հացադուլը:
Ինչ վերաբերվում է իր այն հայտարարությանը, թե նախագահական պայքարը լինելու է երկու` ‘’Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների միջեւ’’, ինչը քննադատության տեղիք էր տվել, “Ժառանգության” առաջնորդը նշեց, որ այդ հայտարարությամբ, իհարկե, նկատի չի ունեցել, որ երկու Հայաստան կա: Նա նշեց, որ մարդիկ չարակամություն են անում եւ երբեմն քննադատում այն դեպքում, երբ ասելիք չկա.’’ Իմ խոսքի իմաստն այն է, որ բոլոր դեպքերում մենք ունենք մի Հայաստանի տարբեր պատկերացումների ընտրություն’’: