23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նախագահական ընտրությունները ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական “ռենեսանս” ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանն այսօր ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Հայաստանի քաղաքական դաշտի որոշ խաղացողներին և նրանց ձեռնարկած խաղերին, երբ, պատգամավորի խոսքով,  իրենց իրական քաղաքական նպատակները փորձում են քողարկել սկանդալային հայտարարությունների, մեղադրանքների ու կերպարանափոխության տակ։

Իր ելույթում Կարեն Ավագյանը նշեց. ”Առաջիկա նախագահական ընտրություններն ընդդիմադիր որոշ ուժերի և քաղաքական “ռենեսանս” ապրած գործիչների համար ինքնադրսևորման լավ առիթ են։ Թեև նրանցից շատերին խիստ վերապահումով կարելի է ընդդիմադիր անվանել։ Շատ քաղաքական խաղացողներ, որպես կանոն, հավատարիմ չեն իրենց որդեգրած սկզբունքներին. տարվա կեսը հանդես են գալիս ընդդիմադիր կեցվածքով, մյուս կեսը միանում են իշխանական թևին։ Սա, բնականաբար, առաջացնում է ընտրողի համապատասխան վերաբերմունքը՝ իշխանությունից ընդդիմություն և հակառակը սահուն լողացող, չկողմնորոշված կուսակցություններին դնելով իրենց տեղը։ Սեփական անկարողությունը խոստովանելու փոխարեն այս պսևդոընդդիմադիրները քննադատության սլաքներն ուղղում են իշխանության ուղղությամբ։

Հիմա՝ վերջին շրջանում քաղաքական խաղադաշտին առանձնակի շարմ հաղորդած Վարդան Օսկանյանի մասին։ Նախկին արտգործնախարարը, իհարկե, ջանք չի խնայում առասպելական օսկանյանապատում ձևավորելու համար։ Է՜լ քաղաքական հետապնդում, է՜լ հալածանք, է՜լ չգիտես ինչ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել՝ իրավական խնդիրները քաղաքական դաշտ մի՜ բերեք։ Իշխանությունը չի ստիպել պարոն Օսկանյանին ֆինանսական մեքենայություններ անել, “Սիվիլիթասին” հատկացված գումարները սեփական կարիքների համար գործածել։ Օսկանյանին քաղաքական զոհ սարքելու ոմանց պրոյեկտն ուղղակի չստացվեց։ Պարոն Օսկանյանը՝ որպես ՀՀ քաղաքացի, բոլորի հետ հավասար է օրենքի առաջ։

Ի դեպ, այս օրերին օրենքի առջև պատասխան են տալիս նաև ՀՀԿ ներկայացուցիչներ։ Ի՞նչ է, եթե մեղադրվողը ՀՀԿ-ից է, գործն իրավական դաշտում է, իսկ եթե մեկ այլ կուսակցությունից, քաղաքական ենթատե՞քստ է ստանում։ Պարոնա՜յք, իսկ գուցե հրապարակեի՞ք այն ամբողջ ցանկը, այսպես ասած, “վես սպիսոկը”, որպեսզի հանրությունն իմանար, թե ում եք համարում քաղաքական “դեմք”, և ում ֆինանսական մեքենայությունները կարող են ինդուլգենցիայի արժանանալ։

Մեր քաղաքական դաշտի մեկ այլ առանձնահատկության մասին ևս։ Ցավով պետք է ասեմ, որ հայաստանյան ընդդիմությունն այսօր խոր ճգնաժամի մեջ է։ Ընդդիմադիր համարվող ուժերը կորցրել են իրենց արդիականությունը։ Որոշ կուսակցություններում էլ եռում են ինտրիգներն ու ընթանում պառակտման գործընթացներ։ Հայաստանյան ընդդիմությունն այսօր ինքնիշխան չէ, այն չունի որոշակի և հստակ քաղաքական օրակարգ։ Ուշագրավ է հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժերի առաջնորդների չկողմնորոշված լռությունը։ Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին։ Ընդ որում, այդ խորհրդավոր լռությունը խարխլում է կուսակցությունների առանց այն էլ երերուն շարքերը։

Փոխարենը իշխանությունները հստակ առաջ են տանում իրենց նախանշած ծրագրերը, իրականացնում բարեփոխումներ, պայքարում արատավոր երևույթների դեմ։

Հետո էլ կասեք, ժողովուրդն իր ձայնը տալիս է իշխանություններին։ Բա էլ ո՞ւմ տա։ Պարզապես պետք է ճիշտ վերլուծել և ընկալել սեփական տեղը քաղաքական դաշտում”։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ