Ինչո՞ւ են պայքարի մեջ մտել հնարավորություն չունեցող թեկնածուները
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ այս նախագահական ընտրությունները նախկիններից տարբերվում են նրանով, որ պայքարը և իշխանական թևում, և ընդդիմադիր թևում լինելու է ընտրություններից հետո: ՛՛Այլ հարց է, թե հետոն ինչ կլինի, սա տարբերվում է նրանով, որ հետոն ինչ կլինին ավելի հետաքրքիր է՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում նման վերլուծություն արեց Քոչարյանը: Նրա համոզմամբ՝ նախագահական ընտրություններից հետո ընդդիմադիրներին չենք տեսնի հրապարակում, եթե նրանք պայքարի ցանկություն ունենային, ապա արդեն պետք է այնտեղ լինեին:
Ըստ բանախոսի՝ բացի գործող նախագահից հաղթելու հնարավորություն ոչ ոք չունի: Հարցին, թե այդ դեպքում ինչու են պայքարի մեջ մտնում հնարավորություն չունեցող թեկնածուները, պատասխանեց. ՛՛Պայքարի մեջ են մտնում տարբեր առումներով՝ մնալու պայքարի մեջ, մեկը քաղաքական դիվիդենտ հավաքելու, մյուսը՝ նյութական: Մարդ կա ինձ համար, անհասկանալի է, հինգ տարին մեկ գալիս է ու գնում՛՛:
՛՛Ժառանգության՛՛ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի դեպքում, ըստ Քոչարյանի, դա քաղաքական պայքար է: ՛՛Նրանք մտել են, որովհետև ուզում են, որովհետև չի ավարտվում կյանքը նախագահական ընտրություններով՛՛,-ասաց քաղտեխնոլոգը:
Ի դեպ, ըստ փորձագետի՝ ութ միլիոն դրամը քաղաքական անհայտ գործիչներին շրջանառության մեջ դնելու, նրանց գովազդելու համար քիչ գումար է: