էթիկայի հանձնաժողովը նոր դիմում է ստացել. տարվա առաջին նիստը` վաղը
Վաղը` հունվարի 17-ին ԱԺ էթիկայի հանձնաժողովը կգումարի այս տարվա առաջին նիստը: Նիստի օրակարգում երկու հարց է` հանձնաժողովի վարույթում գտնվող դիմումների քննության ընթացքի վերաբերյալ, ինչպես նաեւ ‘’Կանանց Ռեսուրսային կենտրոն’’ հասարակական կազմակերպության դիմումը քննության առնելու:Henaran.am-ի ունեցած տեղեկություններով, ‘’Կանանց Ռեսուրսային կենտրոն’’-ի դիմումը վերաբերվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին:
Ինչ վերաբերվում է Էթիկայի հանձնաժողովի վարույթում գտնվող հարցերին, դրանք երեքն են եւ հանձնաժողովի վարույթ են ընդունվել նախորդ տարեվերջին:
Հարցերից մեկը վերաբերվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին: Նրա կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ դիմում Էթիկայի հանձնաժողովին ներկայացրել էր ‘’Ռազմավարական մշակումների կենտրոն’’ ՀԿ-ն: ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և բրոքերություն է անում` հեռախոսով բանակցում տարածքների վարձակալության պայմանների շուրջ:
Մեկ այլ ՀԿ` ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի ներկայացրած դիմումը վերաբերվում է նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին, երբ լրագրողը կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել էր հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛:
Հանձնաժողովի վարույթում գտնվող մյուս դիմունը ներկայացվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից` ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում:
Նշված երեք դիմումների վերաբերյալ հանձնաժողովը, ամենայն հավանականությամբ, ընթացակարգային գործողությունների վերաբերյալ քննարկում կունենա, եթե վերջնական որոշում չկայացնի: Նշենք, որ ԱԺ կանոնակարգի համաձայն, էթիկայի հանձնաժողովը դիմումը քննարկում է երեսնօրյա ժամկետում, եթե անհրաժեշտություն առաջանա, հանձնաժողովն իրավունք ունի եւս տասնհինգ օրով երկարացնելու գործընթացը:
Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովի որոշումն ունի միայն բարոյական նշանակություն: էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում, ԱԺ նիստին համապատասխան հայտարարություն է արվում: Հավելենք նաեւ, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը ավելի վաղ դրական որոշում էր ընդունել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի եւ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի միջեւ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ եւ արձանագրել, որ Սամվել Ալեքսանյանը թույլ է տվել պատգամավորին ոչ վայել պահվածք եւ խախտել է պատգամավորական էթիկայի նորմերը` այդպիսով չհարգելով օրենքը: