24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ժամանակակից մարդկության փրկությունը

Որքա՜ն երկար է տառապում մարդ արարածը երկրի վրա … Մարդկային տառապանքները, սակայն, հաղթահարվում են միայն այն ժամանակ, երբ մարդն ինքը մոտենում է հավիտենական լույսին: Աստված է հավիտենական այդ լույսի աղբյուրը, Աստծուն պետք է հառի իր հայացքը մարդը: Եվ երբ Աստվածային հայտնության ճառագայթները հասնում են մարդկային աչքին, նրա առաջ բացահայտվում էՃշմարտությունը, և այդ ժամանակ նա տեսնում է Աստծուն երկնքում և աստվածայինը երկրի վրա, և մարդկային տառապանքները լուսավորվում են:

Այս պարզ պատճառով մենք ոչ թե պետք է փախչենք տառապանքից, այլ ընդունենք այն իբրև մարտահրավեր, որպես պահանջ, որպես խոստում, որպես դեպի Երկնքի Արքայություն բացված դուռ, քանզի «ահա Աստծու արքայությունը ներսում, ձեր մեջ է» (Ղուկ. 17:22): Եվ չնայած այդ ուղին փշոտ է, և այդ դուռը` նեղ, միևնույն է, դրանք մարդուն անսխալ տանում են դեպի լուսավորում և ազատում: Դրա համար է հենց ասված.«Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն» (Մատթ. 5:4): Տառապանքի և մխիթարության միջով է մարդը մոտենում Աստծուն, քանզի տառապանքների մեջ սրբագործվում է մարդկային սիրտը. «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն» (Մատթ. 5:8):

Այսիպիսով, մենք առաջնահերթ պարտավոր ենք մաքրել մեր սիրտը, մաքրել այն ամենից, ինչ որ մեզ բերում է «այս աշխարհը» (Հռոմ. 12:2): Անհրաժեշտ է սրբել սիրտը բանականության մեծամտությունից, ողորկ նյութապաշտությունից, ինքնահավան անաստվածությունից, գայթակղության անպատվությունից, արմատներից զրկվելու վտանգից: Պետք չէ մոռանալ ազատագրումը հպարտության, նախանձի, վրեժխնդրության չար կրքերից, անհեռատես ագահությունից, հետաքրքրասիրության, ամենագիտության մակերեսայնությունից և անպատասխանատվությունից:
Այս ամենը աղճատում է մեր կայնքը և թողնում է մեզ առանց գլխավորի` առանց սրբության, առանց համոզմունքի, առանց հավատքի : Եվ մեր կայնքը մնում է որպես չնչին մի բան, մեր հայացքը` անհեռատես և տկար, մեր սիրտը` հնոտի ու անհավատարիմ, մեր էությունը` անաստված: Այս իսկ պատճառով մենք մոռացության ենք մատնում աստվածային կենդանի ու ստեղծագործ պատկերը: Ճշմարիտ էր փիլիսոփան, ով ասում էր.
«Մենք չենք տեսնում արեգակը, քանի որ ինքներս փոշու ամպ ենք բարձրացնում…»:
Ահա, արդի աշխարհի և մեր սեփական կրքերի այս ամպի միջով մենք պետք է գնանք դեպի հաղթանակ: Այն ժամանակ մենք լայն և խորը կբացենք մեր սրտի ներքին աչքերը և կնայենք վեր` Աստծուն և նրա ստեղծած աշխարհին: Այս ժամանակ մենք, ի զարմանաս մեզ, կտեսնենք, որ ամեն ծաղիկ ծաղկում է մեզ համար, արևի ամեն մի ճառագայթ մեզ է փոխանցում իր հայտնությունը, մարդկային ամեն սիրտ մեր առջև է բացում իր գաղտնիքները:
Ծառն ու գազանը, սարն ու դաշտը, ձյունն ու ամպրոպը ցույց կտան մեզ աստվածային լույսի իրենց թաքցրած ճառագայթը: Եվ մենք կհասկանանք, որ աշխարհը լեցուն է նիրհող սիրով, և մեզ անհրաժեշտ է սոսկ արթնացնել այդ սերը մեր անձնական սիրո միջոցով: Այդժամ ոչ մի տառապող մեզ օտար չի թվա, ոչինչ չի կարողանա թաքցնել մեզանից իր հոգևոր գաղտնիքը: Որքան հաճախակի է այս հայացքը, որքան մաքուր սիրտը, այնքան խորն է աշխարհը, այնքան` անմիջական ճանապարհը դեպի Աստված:
Այդ ժամանակ է, որ կհասկանանք, թե ինչպե´ս էինք ձեռքից բաց թողնում իրական աստվածությունը, մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի աստվածային ծագումը, և թե որքա´ն շատ են նրանք, ովքեր դեռևս բաց են թողնում կամ արդեն իսկ բաց են թողել այդ: Աստվածայինը ճանաչելու համար անհրաժեշտ է կրել աստվածայինը սեփական սրտում: Աստծուն տեսնելու և Հոգուն հավատալու համար անհրաժեշտ է ներաշխարհում սրբատեղի ունենալ, ինչ-որ մի խորան, որտեղ վառվում և լուսավերում է Նրա սրբազան հուրը: Ժամանակակից մարդը դառնում է հակաքրիստոստոնյա, քանի որ նրա սրտում կորած է աստվածային շունչը, քանի որ նրա հոգում մարել է աստվածային կրակը:
Այդ է պատճառը, որ մարդը կարդում ու լսում է Փրկչի մասին, սակայն չի ճանաչում Նրան և Նրա մեջ չի տեսնում կենդանի, մարդացած Աստծուն: Մարդու սիրտը սառչել է, այդ իսկ պատճառով նա չի հասկանում, որ«Աստված սեր է» (Ա Հովհ. 4:8), մարդու ոգին մեռել է, դրա համար նա չի կարողանում հասկանալ, որ «Հոգի է Աստված» (Հովհ. 4:24), և որ հոգին դրսևորվում է Հիսուսի մեջ: Կույր է մարդու աչքը, ուստի նա չի նկատում, որ «Աստված լույս է» (Ա Հովհ. 1:5), և որ Հիսուսի մեջ «խավար չկա, բոլորովի՛ն չկա»:
Անհրաժեշտ է լոկ հավատարմորեն և խորապես բացել սիրտը, և կհասնես Հիսուս Քրիստոսին. առանց սրտի մարդը դառնում է հակաքրիստոնյա:  Անհրաժեշտ է լոկ ապրել Հոգու (Ճշմարտության, Գեղեցիկի, Արդարի, Խորքի, Ամբողջության) մեջ, և դու Հիսուս Քրիստոսի մոտ ես. Հոգուց զրկված մարդը դառնում է հակաքրիստոնյա:
Անհարժեշտ է լոկ նայել սրտից և Հոգուց ու կտեսնես մեր Փրկչին Իր հավիտենական մեծության մեջ. կույր մարդը դառնում է հակաքրիստոնյա: Հիսուս Քրիստոսին պետք է վերադառնա ժամանակակից մարդկությունը, Նրա Հոգուն, Նրա Հայտնությանը: Համբերության և ապաշխարության մեջ նա պետք է մաքրվի, որպեսզի դավանի Նրան, որպեսզի կարողանա ընդունել կյանքը որպես մատուցված բաժակ, որպեսզի կարողանա կյանքի ամեն հանգամանքում փնտրել դեպի Աստված տանող ճանապարհը, որպեսզի կարողանա հաղթահարել ինքն իրեն և այս աշխարհին Սիրո, Հոգու և Լույսի մեջ:  Այս է տառապողների լավագույն, արժանի, հավիտենական մխիթարությունը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ