Մեկ ժամից ավելի ես պառկել էի արյան լճում ու մեռած ձեւացել․ «Բատալկանում» ահաբեկիչների գերիներից մեկի հուզիչ պատմությունը /ֆոտո/
22-ամյա բրիտանուհին «Բատալկան» համերգասրահում էր, երբ ահաբեկիչները ներխուժեցին ու պատանդ վերցրին ներկաներին։
Իզոբել Բոուդերին պատմել է այն ապրումների մասին, որոնք ունեցել է ահաբեկչության ընթացքում: Աղջիկը Facebook-ի իր էջում հրապարակել է իր արյունոտ շապիկի լուսանկարը, որը կրել էր նոյեմբերի 13-ին՝ ահաբեկչության օրը, և պատմել, թե ինչպես է մահացած ձևացել՝ կարողանալով փրկվել ահաբեկիչների կրակոցներից: Ներկայացնում է Komsomolskaya Pravda-ն։
«Դուք երբեք չեք մտածի, որ դա կարող է պատահել ձեզ հետ: Դա պարզապես ուրբաթ երեկո էր, ռոք համերգի էի: Շուրջս երջանիկ մթնոլորտ էր, բոլորը պարում էին։ Հանկարծ դիմացի մուտքից մի մարդ եկավ ու սկսեց կրակել, մենք միամտորեն կարծեցինք, որ այդ ամենը շոուի մի մասն է։
Բայց դա պարզապես ահաբեկչական հարձակում չէր, դա կոտորած էր: Տասնյակ մարդիկ գնդակահարվեցին հենց իմ աչքի առաջ: Հատակին արյան լճեր էին։: Ես մեկ ժամից ավելի մահացած ձեւացա, ընկած էի արյան լճերի մեջ, մահացածների հետ։ Շունչս պահած և փորձ անելով չշարժվել, չլացել՝ ցույց չտալով վախս, որն այդ մարդիկ այքան ցանկանում էին տեսնել:
Ես իսկապես հաջողակ եմ, որ կարողացա կենդանի մնալ, մինչդեռ այնքան շատերը կային, որ չկարողացան: Այդ մարդկանց կերպարն ինձ կուղեկցի ողջ կյանքում․․․
Ես չէի հավատում, որ դա իրական է, և սպասում էի, որ ցանկացած պահի ինչ-որ մեկը կասի, թե այդ ամենը պարզապես մղձավանջ է:
Բայց լինելով այս սարսափի վերապրածը՝ թույլ տվեք մատնացույց անել այն անձանց, ովքեր իսկական հերոսներ էին: Այն մարդուն, ով հանգստացնում էր ինձ և իր կյանքը վտանգում՝ փորձելով պաշտպանել ինձ մինչ ես լալիս էի: Այն զույգին, ում վերջին սիրո խոսքերն ինձ ստիպեցին հավատալ, որ աշխարհում գոյություն ունի լավը: Ոստիկանությանը, որ կարողացավ փրկել հարյուրավոր մարդկանց, այն անծանոթներին, ովքեր ինձ վերցրին ճանապարհից և հանգստացնում էին 45 րոպե` մինչ ես մտածում էի, թե իմ սիրելին զոհվել ․․․ Ձեզ բոլորիդ, որ ձեր նամակներով աջակցում էիք: Դուք բոլորդ ստիպեցիք հավատալ, որ այս աշխարհն ունի ներուժ ավելի լավը դառնալու, թույլ չտալու, որ նման բաներ կրկնվեն:
Բայց 80 հոգի այնքան հաջողակ չէին, ինչպես ես։ Ես ցավում եմ նրանց համար։ Ես ցավում եմ նրանց ընկերների ու բարեկամների համար, որ ստիպված են այս ցավի միջով անցնել: Ոչինչ չի կարող մեղմել ցավը: Ես ներկա եղա նրանց վերջին շնչին
Մինչ ես պառկած էի անծանոթների արյան մեջ և սպասում էի այն փամփուշտին, որը վերջ կտար իմ գրեթե 22 տարվա կյանքին, պատկերացնում էի բոլոր այն մարդկանց դեմքերը, ում սիրել եմ, հիշում էի կյանքիս երջանիկ պահերը: Ես ցանկանում էի, որ բոլոր նրանք, ում սիրում եմ․․․
Նախորդ գիշեր շատերի կյանքը փոխվեց հավետ: Հանգչե´ք խաղաղությամբ, հրեշտակներ: Դուք երբեք չեք մոռացվի», գրել է Իզաբելը։