Զգույշ եղեք եւ խուսափեք թունավորումներից
Ամանորյա տոնական օրերին սննդային թունավորումներից զերծ մնալու համար ՀՀ առողջապահության նախարարությունը զգուշացնում է`
- Սննդամթերք գնելիս հատուկ ուշադրություն դարձնել պահպանման պայմաններին եւ ժամկետներին:
- Աղցանները պատրաստել քիչ քանակով, մայոնեզով եւ թթվասերով համեմել միայն մատուցելուց առաջ:
- Զերծ մնալ տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում պահածոյի պարունակությունը կաթսայի մեջ նախօրոք եռացնել 20-25 րոպե:
- Սննդում օգտագործվող մթերքը լավ լվանալ խմելու ջրով, ճաշատեսակների եփման ժամանակ պահպանել անհրաժեշտ ջերմային ռեժիմը` 70 աստիճանից բարձր:
- Պահպանել կիսապատրաստվածքների, հում եւ պատրաստի սննդամթերքի պահպանման հարեւանության կանոնները, սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով՝ աղտոտումից խուսափելու համար:
- Պատրաստի սննդամթեքը պահպանել սառնարանում 72 ժամից ոչ ավելի:
- Սննդամթերքի համային հատկությունների եւ արտաքին տեսքի /կողմնակի հոտ, համ, բորբոս, գույնի փոփոխություն եւ այլն/ փոփոխության դեպքում այն չօգտագործել:
- Սնունդ պատրաստելուց եւ ընդունելուց առաջ ձեռքերը լվանալ օճառով` օգտագործելով միայն խմելու ջուր:
- Չչարաշահել գազավորված, էներգետիկ ըմպելիքների եւ ալկոհոլի օգտագործումը:
- Չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր:
- Սնկերը գնել միայն շուկայից եւ խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում: Խորհուրդ չի տրվում երեխաներին եւ հղի կանանց սննդում օգտագործել սունկ եւ տնային պայմաններում պատրաստված պահածոներ:
Խուսափել ճարպոտ սննդի օգտագործումից, սնունդն ընդունել քիչ քանակությամբ, ընդմիջումներով ու հերթականությամբ: