Հայկական գինիները և խմիչքները Կրակովի միջազգային ցուցահանդեսում
2015 թվականի նոյեմբերի 4-ից 6-ը Լեհաստանի Կրակով քաղաքի EXPO KRAKOW ցուցահանդեսային կենտրոնում անցկացվող գինու մասնագիտացված «ENOEXPO» 13-րդ միջազգային ցուցահանդեսին Հայաստանի զարգացման հիմնադրամի ջանքերով հայկական 14 ընկերություններ մասնակցել են մեկ միասնական «ARMENIA» տաղավարով: Հատկանշական է, որ հայկական տաղավարն ամենամեծն ու ամենաներկայանալին էր միջազգային այդ հեղինակավոր ցուցահանդեսում, որտեղ իրենց արտադրատեսակներն էին ներկայացնում գինեգործության ավանդույթներով հայտնի աշխարհի մի շարք երկրների, այդ թվում Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Հունգարիայի և այլ երկրների առաջավոր ընկերություններ, ինչպես նաև գինեգործության ոլորտի տեխնիկական և տեխնոլոգիական սարքավորումներ արտադրող կազմակերպություններ:
Ցուցահանդեսին մասնակցող հայկական մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչները ներկայացնում էին հայկական գինիների մեծ տեսականի, կոնյակ, գարեջուր, ծիրանի բրենդի, շամպայն, մրգային օղիներ և այլ արտադրատեսակներ: Ցուցահանդեսին մասնակցող ընկերությունները հնարավորություն ունեցան ներկայացնելու ոչ միայն իրենց արտադրատեսակները, այլ գործնական հանդիպումներ ունենալ ոլորտի այլ արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ հետ, հաստատել գործնական կապեր և ձեռք բերել նոր գործընկերներ:
Ցուցահանդեսի առաջին օրը հայկական տաղավար է այցելել նաև Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը, ով մինչ այդ կազմակերպական աջակցություն էր ցուցաբերել ցուցահանդեսին հայկական ընկերությունների պատշաճ մասնակցության ապահովման համար:
2015 թվականի նոյեմբերի 5-ին Կրակովի «Krakow Slow Wines» մասնագիտացված սրահում կազմակերպվել էր հայկական գինիների և ցուցահանդեսին ներկայացված այլ ալկոհոլային խմիչքների համտես, որին հրավիրված էին Լեհաստանում հայկական գինիների և ալկոհոլային խմիչքների իրացմամբ հետաքրքրված ընկերությունների ներկայացուցիչները, գինեգործության մասնագիտացված ամսագրերի լրագրողները: Համտեսի կազմակերպիչ, Լեհաստանի հայ համայնքը ներկայացնող գործընկեր կազմակերպության շնորհիվ հայկական գինու և խմիչքների համտեսը կազմակերպվել էր հայկական ավանդական ուտեստներով և խորտիկներով:
Հաշվի առնելով հայկական գինու և ալկոհոլային խմիչքների համար Լեհաստանի շուկային գրավչությունը և հեռանկարայնությունը, Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել ինչպես Հայաստանի զարգացման հիմնադրամի, այնպես էլ առանձին ընկերությունների հետ, եկող տարվա ընթացքում Վարշավայում հայկական կոնյակների և գինիների համտես-ընդունելություններ կազմակերպելու վերաբերյալ: