Էժանացել է միայն շաքարավազը
Վերջին 4 ամսվա դրությամբ արձանագրվել է գնաճ և ընդհանուր գնաճը կազմել է 5.6 տոկոս: 2012 թվականի 11 ամսիների դրությամբ 2011-ի դեկտեմբերի համեմատ այն կազմել է 3.1 տոկոս: Այս տվյալներն այսօր ”Հենարան” ակումբում լրագրողներին ներկայացրեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը:
Սակայն այս տարվա դեկտեմբերին նոյեմբեր ամսվա համեմատությամբ գնաճ է արձանագրվել 2.1 տոկոս: Պարենային ապրանքների գներն աճել են 4 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.4 տոկոսով, ծառայությունների սակագները` 0.2 տոկոսով:
Մարտիրոսյանը նշեց, որ պարենային 13 ապրանքախմբերից միայն շաքարավազի գծով է գնանկում արձանագրվել, իսկ մյուս ապրանքային խմբերում գնաճ է արձանագրվել մինչև 32 տոկոս:
Դեկտեմբեր ամսին նոյեմբերի նկատմամբ ՀՀ բոլոր բնակավայրերում արձանագրվել է գնաճ: Ամեբարձր գնաճն արձանագրվել է Էջմիածնում, ամենացածրը` Դիլիջանում, իսկ Երևանում` 2.3 տոկոս:
Մարտիրոսյանը նաև առանձնացրեց այն երկու պարենային ապրանքները, որոնք էական գնաճ են ունեցել: Դրանք են բանջարեղենն ու կարտոֆիլը: Մրգերի գներն աճել են 5.1 տոկոսվ, կաթնամթերքը մեկ տոկոսով, ձուն` 3.8, ձկնամթերքը` 2 տոկոսով: