Ու՞մ է ապավինելու Բագրատյանը

Հայ ազգային կոնգրեսը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որով բոյկոտում է 2013-ի փետրվարին կայանալիք ՀՀ նախագահի ընտրությունները: ՀԱԿ-ը հայտարարում է. ”Հայ Ազգային Կոնգրեսը անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը, ինչը ստեղծված պայմաններում միայն կնպաստի ապօրինի ռեժիմի լեգիտիմացմանը”:
Ըստ էության, այս հայտարարությամբ Կոնգրեսն անուղղակիորեն մեղադրանք է հնչեցնում իր` արդեն նախկին գործընկերոջ` ”Ազատություն” կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հասցեին, որն ինչպես, արդեն տեղեկացրել ենք, առաջադրելու իր թեկնածությունը:
Հրանտ Բագրատյանն այս հայտարարությունը չի մեկնաբանում, նաեւ չի պարզաբանում` ”no comment”-ը պայմանավորվա՞ծ է ՀԱԿ-ի հետ հարաբերությունները չսրելու մտայնությամբ:
Henaran.am-ի հետ զրույցում Հրանտ Բագրատյանն ասաց, որ առաջիկա երկու օրերի ընթացքում ԿԸՀ է ներկայացնելու առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը: Հետաքրքրվեցինք`ո՞վ է լինելու իր ընտրազանգվածը, արդյո՞ք պարոն Բագրատյանն ապավինելու է 2008-ին սկիզբ առած շարժման հետեւորդներին: “Շուտով կիմանաք, նրանց մեծ մասը”,-մեզ հետ զրույցում եզրափակեց Հրանտ Բագրատյանը: