Թագուհի Եղիսաբեթ 2-րդը գերժամանակակից նվեր է ստացել Սուրբ ծննդյան առթիվ /ֆոտո/
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Սուրբ ծննդի կապակցությամբ յուրօրինակ նվեր է ստացել` 3D ակնոց` զարդարված Swarovski բյուրեղներով` Q տառի տեսքով, որը խորհրդանշում է “թագուհի”` “Queen”: Բոլոր տեղական թերթերն այսօր հրապարակում են թագուհու լուսանկարը` գերժամանակակից ակնոցն աչքերին: Նշենք, որ թագուհու Սուրբ ծննդյան հեռուստատեսային ուղերձն առաջին անգամ կցուցադրվի եռաչափ:
Այս տարի նրա ուղերձը բրիտանացիներին նվիրված կլինի տարվա գլխավոր իրադարձություններին` թագուհու ադամանդե հոբելյանին եւ ամռանը Լոնդոնում կայացած Օլիմպիադային:
Սուրբ ծննդյան նախօրեին բրիտանացիներն “առեւտրային տենդով” են վարակվել: Բրիտանական խանութներում սովորաբար զեղչերն սկսում են Սուրբ ծննդից հետո, սակայն այս տարի մի քանի օր շուտ է կիրառվել “զեղչային քաղաքականություն”: Ըստ մարկետոլոգների` բրիտանացի երեխաներն այժմ ավելի շատ երազում են ոչ թե տիկնիկների, այլ պլանշետային համակարգիչների մասին:
Միակ բանը, ինչը պակասում է բրիտանացիներին իսկական տոնի համար, ձյունն է, որի փոխարեն ողջ երկրով մեկ հորդառատ անձրեւներ են գալիս: Ըստ օդերեւութաբանների կանխատեսումների` Անգլիայի եւ Ուելսի 160 շրջաններում, ինչպես նաեւ Շոտլանդիայի տասնյակ շրջաններում ջրհեղեղներ են սպասվում: