23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փող ունես, տեսակցիր

Ոչ վաղ անցյալում հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքներն անհասանելի էին ծննդկանին տեսակցել ցանկացող հարազատների համար: «Օձն իր պորտով, հավքն իր թևքով» չէր կարող մուտք գործել այս բաժանմունք:

Հիմա ամեն բան այլ է. բավական է հիվանդանոցի համապատասխան բաժնում վճարում կատարել և տեսակցության «արտոնագիր»-ը պատրաստ է: Եվ սա ոչ միայն ծննդաբերական, այլ նաև հիվանդանոցի մյուս` թերապևտիկ, վիրաբուժական, մանկական և այլ բաժանմունքներում:

«Առաջներում (եթե հարցնեք ձեր մայրիկներին կամ տատիկներին, ապա ձեզ կասեն) հիվանդանոցների ծննդաբերական բաժանմունքում արգելվում էր տեսակցություններն առհասարակ: Հիմա մենք թույլատրել ենք, որ այն մարդիկ, ովքեր ուզում են տեսնել իրենց ծննդկան հարազատներին, գնան և տեսնեն»,- Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱՆ աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը:

Այժմ հիվանդանոցների ծննդաբերական, ինչպես նաև մնացած բաժանմունքներում մարդկանց ելումուտը հստակեցվում է տվյալ հիվանդանոցի ներքին կանոնադրության համաձայն: Սակայն կա նախարարության հստակ հրամանը, առ այն, որ ծննդկան կնոջ հիվանդասենյակ ազատ ելումուտ կարող են ունենալ մեկ կամ երկու հարազատ:

Եվ կնոջը ծննդաբերությունից թե´ առաջ, թե´ հետո կարող են տեսակցել իր այն հարազատները, որոնց ծննդկանն ինքն է ցանկացել: Այդ հարազատը կարող է լինել ցանկացած մարդ` թե՛ ամուսինը, թե՛ մայրը, թե՛ սկեսուրը, թե՛ հարևանը և թե՛ այն մեկը, ում կմատնանշի ծննդկանն` իր ցանկությամբ:

«Եթե ծննդկաների մոտ այցելությունն անխոչընդոտ լինի և առանց գումարային որևէ գանձման, ապա անհնար կլինի վերահսկել տեսակցողների ելումուտը: Եվ որպեսզի ծննդկանի հարազատները բոլորով հիվանդասենյակ չգնան, հիվանդանոցները որդեգրել են տեսակցությունները գումարով դարձնելու սկզբունքը, ինչը ենթադրում է, որ մարդիկ կխնայեն իրենց գումարն ու շատ դեպքերում չեն տեսակցի ծննդկանին:

Կարճ ասած՝ սա կարծես թե զսպման քաղաքականություն լինի՝ ծննդաբերած կանանց մոտ հնարավորինս քիչ մարդ թողնելու միտվածությամբ»,- ասաց մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետը:

Henaran.am-ի այն հարցին, թե եթե տեսակցությունների վերահսկողության խնդիր կա, ինչո՞ւ նախարարի հրամանով ընդհանրապես չի արգելվում ծննդկանին տեսակցությունը, Գայանե Ավագյանն այսպես արձագանքեց.

«Դե տեսեք, Դուք այդպես եք մտածում, բայց մեկ ուրիշը պատրաստ է հազարավոր գումարներ վճարել ու տեսակցել իր հարազատ ծննդկանին: Սակայն սա էլ իր թերությունն ունի, քանի որ մի սենյակում մի քանի ծննդկան են լինում, և հաճախ ծննդկան կանայք իրենց վատ են զգում՝ նույն հիվանդասենյակում օտար մարդու տեսնելով»:

Ստացվում է` այն մարդիկ, ովքեր բավականաչափ գումար ունեն, կարող են անարգել ելումուտ անել :

Համեմատության համար նշենք, որ Երևանի Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում («Մարգարյան հիվանդանոց») ծննդկանին տեսակցելու համար վերջինիս հարզատները պետք է 2000 դրամ վճարեն, իսկ Հանրապետական հիվանդանոցի համապատասխան բաժանմունքում ծննդկանի հիվանդասենյակ մեկ այցի արժքը 1000 դրամ է: Փոխարենը՝ Սուբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատունն արգելում է բոլոր տեսակի տեսակցությունները:

«Հիվանդանոցների մյուս բաժանմունքների` մարդկանց ելումուտի և իրենց հարազատներին տեսակցելու հարցը կարգավորվում է՝ ըստ հիվանդանոցի ներքին օրենսդրության և կանոնադրության: Առողջապահության նախարարությունը կարող է միջամտել հիվանդանոցների ներքին կանոնադրությանը և հիվանդանոցներում կամ առանձին բաժանմունքներում տեսակցության արգելք սահմանել միայն այն ժամանակ, երբ ինչ-որ վիրուսի վտանգ կա և հարկ է կարատին հայտարարել»,- եզրափակեց տիկին Ավագյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ